‘ԼՂՀ ԱԺ-ն արտահերթ նստաշրջան է գումարել’

964

Հունվարի 9-ին գումարվել է ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը, որը, համաձայն կանոնակարգային պահանջի, հրավիրվել է մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ՝ նրանց առաջարկած օրակարգով։ Նիստը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

Գործընկերներին շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, խորհրդարանի նախագահը հաղորդեց, որ նախաձեռնողների առաջարկած երեք օրակարգային հարցերից առաջինը վերաբերում է 2012թ. դեկտեմբերի 23-ին թիվ 10 և թիվ 15 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների արդյունքներով ընտրված և ԼՂՀ ԿԸՀ դեկտեմբերի 26-ի որոշմամբ ԱԺ պատգամավորներ համարված Հրանտ Ռաֆիկի Սաֆարյանի և Նելսոն Իվանի Մինասյանի երդման արարողությանը, իսկ հաջորդ երկուսը՝ մշտական հանձնաժողովների նախագահների թափուր պաշտոններում նոր ընտրության անցկացմանը։

Համաձայն կանոնակարգային պահանջի՝ նորընտիր պատգամավորները նիստում հանդես եկան հանդիսավոր երդմամբ ու ստորագրեցին այն։
ԱԺ նախագահն իր և գործընկերների անունից նրանց շնորհավորեց ու արդյունավետ գործունեության բարեմաղթանքներ հղեց ժողովրդի ընտրյալի պատասխանատու կոչմանն արժանանալու կապակցությամբ։

Օրակարգի հաջորդ հարցերի քննարկմանը պատգամավոր Արպատ Ավանեսյանի առաջարկությամբ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց Հրանտ Սաֆարյանի, իսկ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանի առաջարկությամբ, նույն հանձնաժողովի փոխնախագահ Արամ Գրիգորյանի թեկնածությունը։

Նշված պաշտոնների համար այլ թեկնածություններ չառաջարկվեցին։
Առաջադրված թեկնածուները, ինչպես պահանջում է կանոնակարգային դրույթը, հանդես եկան ելույթներով՝ ներկայացնելով համապատասխան հանձնաժողովների գործունեության ոլորտների խնդիրների սեփական պատկերացումները և առաջարկվող պաշտոններում աշխատելու իրենց կարողությունները։
Ապա հետևեցին փակ-գաղտնի ընտրությունները։

Համաձայն ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի տվյալների, որոնք հրապարակեց հանձնաժողովի անդամ, պատգամավոր Կամո Բարսեղյանը, փակ-գաղտնի ընտրությունների արդյունքներով՝ Հրանտ Ռաֆիկի Սաֆարյանը, ձայների 23 կողմ և 3 դեմ հարաբերակցությամբ, ընտրվեց արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իսկ Արամ Արամայիսի Գրիգորյանը՝ ձայների 24 կողմ և 2 դեմ հարաբերակցությամբ, սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Ի հաստատումն ընտրությունների արդյունքների՝ խորհրդարանի նախագահը հրապարակեց ԱԺ համապատասխան որոշումները։

Շնորհավորելով ու բարեմաղթանքի խոսքեր հղելով մշտական հանձնաժողովների նորընտիր նախագահներին, ԱԺ նախագահը հաղորդեց, որ, համաձայն ԱԺ կանոնակարգի, սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունը կատարվելու է նույն հանձնաժողովի նիստում։

Այսպիսով, ԱԺ արտահերթ նստաշրջանն ավարտեց աշխատանքը։

Նախորդ հոդվածը‘Երևան-Մոսկվա երկու չվերթներ չեղյալ են հայտարարվել’
Հաջորդ հոդվածը‘«Մթնշաղը»՝ վատագույն ֆիլմերի մրցանակաբաշխության հավակնորդների բացարձակ առաջատար’