‘
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին մոտ օրերս կլքի Սաուդյան Արաբիան: Այդ մասին հաղորդում են ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Լիբանանի նախագահ Միշել Աունին: Նրա խոսքով, արդեն վաղը՝ շաբաթ օրը, Հարիրին կլինի Փարիզում, եւ ապա կվերադառնա հայրենիք:
Ավելի վաղ Լիբանանի փախուստի դիմած վարչապետն ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիա այցելելու հրավերը: Հինգշաբթի օրը Հարիրին հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ լե Դրիանի հետ: Ինքը Հարիրին հրաժարվել է նշել իր թռիչքի օրը: Սակայն որոշ աղբյուրներ հաղորդում են, որ Հարիրին Ֆրանսիա կմեկնի առաջիկա երկու օրերի ընթացքում:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները այս ամենի ֆոնին կրկին հերքել են այն տեղեկությունները, թե իրենք բռնի ուժով են պահում Հարիրիին, եւ որ վերջինս կարող է լքել իրենց երկիրը երբ կամենա:
Միաժամանակ, Հարիրիի ընտանիքը, ինչպես հայտնի է դարձել, կմնա Սաուդյան Արաբիայում, թեեւ Մակրոնը նրանց եւս հրավիրել էր Ֆրանսիա:
Հիշեցնենք, որ Բեյրութում Հարիրիին սպասում է նախագահ Աունը, նա հրաժարվել է հեռակա կարգով ընդունել Հարիրիի հրաժարականը եւ հանդիպում է պահանջում վերջինիս հետ՝ Լիբանանի Սահմանադրությանը համապատասխան:
Հարիրին հրաժարականի մասին հայտարարել է նոյեմբերի սկզբին: Նրա խոսքով, այս քայլով ինքը դեմ է արտահայտվել Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ» շարժման կողմից երկրի ներքին գործերին խառնվելուն: Հենց այդ ժամանակ էլ Հարիրին հայտնվել է Սաուդյան Արաբիայում, ինչը հիմք է տվել շատերին կասկածներ ունենալ, որ Լիբանանի վարչապետին առեւանգել են:
‘