‘Գոտկատեղից ներքեւ հարվածի համար կապիտանը 2 տարով ազատազրկվեց’

1003

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով N զորամասի կապիտան Լեռնիկ Արշակյանը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման շարքային Առաքելյանի ամորձիներին ոտքով հարվածելու համար:

Լեռնիկ Արշակյանը հանդիսանալով N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, կոչումով կապիտան, շարքային Առաքելյանի կողմից 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար, լեյտենանտ Արգիշտի Գավոյանին պատվի առնելու պահանջը չկատարելու և հակաճառելու պատճառով իր աշխատասենյակում ոտքով մեկ անգամ հարվածել է Առաքելյանի ամորձիների շրջանին։ Նախաքննական մարմնի որակմամբ, կապիտան Արշակյանն այդպես փորձել է ի ցույց դնել սեփական անձի թվացյալ առավելությունները, ընդգծել գերակա դիրքն ու թողնել խիստ պետի տպավորություն։ Իսկ դատաբժիշկների գնահատմամբ, շարքայինին հարվածելով կապիտանը նրա առողջությանը հասցրել է միջին ծանրության վնաս։

Լեռնիկ Արշակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով: Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին հրապարակման պահից մեկամսյա ժամկետում: Ընդ որում գործը ամբաստանյալի միջնորդությամբ քննվել է արագացված դատաքննության կարգով, քանի որ մեղադրանքը նա ընդունել է։ Հետևապես դատավճիռը կարող է բողոքարկվել միայն պատժաչափի մասով մինչև հունվարի 27-ը:

Հեղինակ՝ «Փաստինֆո»

Նախորդ հոդվածը‘Չինաստանում սողանքի զոհերի թիվն անցել է 40-ից’
Հաջորդ հոդվածը‘Մանչեսթեր Յունայթեդը» Ֆերգյուսոնին փոխարինող է տեսնում Կոնտեին’