‘
Երեկ Լոնդոնում տեղի ունեցավ FIFA-ի The Best մրցանակաբաշխությունը, որի ընթացքում ընտրվեցին տղամարդկանց և կանանց տարվա լավագույն մարզիչները, տարվա լավագույն գոլը, ֆուտբոլիստը և լավագույն դարպասապահը։ Եվ այսպես՝
Լավագույն գոլ ճանաչվեց «Լիվերպուլ»-ի հարձակվող Մուհամեդ Սալահի խփած գնդակը «Էվերթոն»-ի դարպասը:
Լավագույն մարզիչ ճանաչվեց Դիդյե Դեշամը, որը Ֆրանսիայի հավաքականի հետ դարձավ աշխարհի չեմպիոն:
Լավագույն դարպասապահ ճանաչվեց Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան, ով Մունդիալ-2018-ում Բելգիայի ընտրանու հետ արժանացավ բրոնզե մեդալի:
Լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար պայքարում էին Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»/«Յուվե»), Լուկա Մոդրիչն («Ռեալ») և Մուհամեդ Սալահը («Լիվերպուլ»): Լավագույնի կոչմանն արժանացավ Խորվաթիայի հավաքականի ու «արքայական ակումբ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:
Կանանց լավագույն մարզիչ ճանաչվեց Ռոյնալդ Պեդրոսը:
Ի դեպ, հայտնի է դարձել, թե ազգային հավաքականների գլխավոր մարզիչներն ու ավագներն ինչպես են քվեարկել:
Ըստ այդմ, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը քվեարկել է հետևյալ կերպ.
Լավագույն ֆուտբոլիստ — Լուկա Մոդրիչ, Կիլիան Մբապե, Կրիշտիանու Ռոնալդու:
Լավագույն մարզիչ — Դիդյե Դեշամ, Զլատկո Դալիչ, Զինեդին Զիդան:
Մեր ընտրանու արդեն նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն էլ այսպես է բաշխել լավագույնների եռյակները.
Լավագույն ֆուտբոլիստ — Անտուան Գրիզման, Լուկա Մոդրիչ, Էդեն Ազար:
Լավագույն մարզիչ — Դիդյե Դեշամ, Խոսեպ Գվարդիոլա, Զինեդին Զիդան:
‘