‘
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ ԱՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն hուլիսի 25-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա):
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը, հայտնում է «Արմենպրես»-ը։
‘