Գլոբալ տաքացման զոհերի թիվը մեծանում է

731

2021 թ․ ամառվա առաջին ամիսը ջերմաստիճանի շատ ռեկորդներ է թարմացրել, ընդ որում՝ ոչ միայն տապից ուժասպառված Կանադայում, այլև Հյուսիսային ու Արևելյան Եվրոպայում, ներառյալ Ռուսաստանի կենտրոնական հատվածը, նաև Սիբիրի հյուսիս-արևելքում և ասիական մի քանի երկրներում։

Եվրոպական Copernicus ծրագրի տվյալներով, որը հետևում է կլիմայի երկարաժամկետ փոփոխություններին, Հյուսիսային Ամերիկայի տարածքում անցած հունիս ամիսը ամենաշոգն է եղել կլիմայական դիտարկումների պատմության ողջ ընթացքում, իսկ Եվրոպայում զբաղեցրել է «պատվավոր» երկրորդ տեղը։

Միայն Կանադայում անսովոր եղանակային պայմանները մի քանի հարյուր մարդու մահվան պատճառ են դարձել։

2021 թ․ աննախադեպ շոգ ամառվա հիմնական պատճառներից մեկը, փորձագետների միահամուռ կարծիքով, գլոբալ տաքացումն է, այսինքն՝ մթնոլորտի տաքացումը ջերմոցային էֆեկտի հետևանքով։

Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Ֆրեդերիկե Օտտոյի կարծիքով՝ շոգն այնքան նկատելի կերպով չի սպանում, որքան մյուս բնական աղետները՝ փոթորիկներն ու ցունամիները, սակայն հաճախ՝ ոչ պակաս «արդյունավետորեն»։

 «Մարդիկ հազվադեպ են վայր ընկնում փողոցի մեջտեղում,- նշում է պրոֆեսորը։- Նրանք լուռ մահանում են իրենց տներում՝ վատ ջերմամեկուսացման և օդորակիչ չլինելու պատճառով»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՉավին՝ Կատարի առաջնության լավագույն մարզիչ
Հաջորդ հոդվածըՀաղորդագրություն պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի լեզվական ձևավորման մասին