Միջազգային հանրությունն անհանգստացած է Կիպրոսի խնդրի կարգավորման կապակցությամբ։
Դրա առիթը ինքնահռչակ Հյուսային Կիպրոսի թուրքական հանրապետության առաջնորդ Էրսին Թաթարի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն են, որոնցում խոսվում է Ֆամագուստա քաղաքի Վարոշա թաղամասը բացելու և 3,4 %-ով բնակեցնելու մասին։ Էրդողանը, որ Կիպրոս էր ժամանել կղզի թուրքական զորքերի ներխուժման 47-ամյակի առիթով, հայտարարել է, որ Վարոշան, որն ընկալվում է որպես Կիպրոսի խնդրի կարգավորված չլինելու խորհրդանիշ, « կդառնա ապագա բարգավաճման խորհրդանիշը»։
«Կիպրոսցի հույները պնդում են իրենց երեսպաշտ և միակողմանի դիրքորոշումը, որը կտրված է իրականությունից։ Կյանքը Վարոշայում կվերականգնվի։ Այստեղ ճանապարհ կբացվի դեպի նոր դարաշրջան, ինչն օգուտ կբերի յուրաքանչյուրին այն հարցում, ինչ վերաբերում է սեփականության կառավարման իրավունքին»,- հայտարարել է Էրդողանը։
Ընդ որում՝ հունական համայնքի ներկայացուցիչներին կարող է առաջարկվել ապրել Վարոշայում Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության իրավազորության ներքո։
Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ Էրդողանի պլանները հակասում են միջազգային իրավունքին։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը մտահոգություն է հայտնել Էրդողանի և Թաթարի հայտարաւոթյունների կապակցությամբ՝ անընդունելի համարելով Վարոշայի կարգավիճակը միակողմանիորեն փոխելու որոշումը։
Կիպրոսի նախագահը Ազգային խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել։ Չորեքշաբթի Կիպրոսի հարցով կհավաքվի նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։
Փոխանցում է euronews-ը։