‘
Անդերս Բրեյվիքը, որը զանգվածային սպանության համար 21 տարվա ազատազրկման է դատապարտվել, բողոքել է բանտում անտանելի պայմաններից:
Նորվեգիայի արդարադատության նախարարի և բանտապետի դեմ ուղղված բողոքը մոտ ժամանակներս կքննի Նորվեգիայի ոստիկանությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Բրեյվիքի փաստաբանի խոսքերով՝ իր պաշտպանյալին փորձում են ինքնասպանության դրդել: 77 հոգու մահվան պատճառ դարձած հանցագործը, մասնավորապես, դժգոհ է, որ իրեն բոլորովին առանձնացրել են մյուս դատապարտյալներից, պարբերաբար խուզարկության են ենթարկում, սահմանափակում են մաքուր օդ շնչելու հնարավորությունը և արգելում են գաղափարային զրույցներ վարել:
Հիշեցնենք, որ 2011 թ. հուլիսի 22-ին Բրեյվիքը պայթյուն էր իրականացրել Օսլոյի կառավարական թաղամասում, այնուհետև կրակահերթ բացել Ուտոյայի երիտասարդական ճամբարում: Դատական գործի ընթացքում Բրեյվիքը հայտարարել էր, որ իր գործողություններով փորձել է հանրության ուշադրությունը հրավիրել Եվրոպայի արագընթաց իսլամացման վրա:
77 մարդու մահվան պատճառ դարձած հանցագործը մեղսունակ է ճանաչվել և 21 տարվա ազատազրկման դատապարվել (Նորվեգիայի բարձրագույն պատիժը):
‘