‘ԿԸՀ. Քվեաթերթիկում առաջինը կլինի Բագրատյանը, վերջինը՝ Սեդրակյանը’

832

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 8-ին տեղի ունեցած արտահերթ նիստում հաստատեց փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների քվեաթերթիկների նմուշները: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ քվեաթերթիկների տպագրությունը բաց է լուսաբանման համար. դրան կարող են ներկա գտնվել դիտորդներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ եւ այլ շահագրգիռ անձինք: Քվեաթերթիկների տպագրությունը սկսվում է 20:00-ին. այն կրկին վստահված է «Տիգրան Մեծ» հրատարակչությանը:

Նախագահական ընտրապայքարին կմասնակցեն գրանցված յոթ թեկնածուները: Նրանց անունները քվեաթերթիկում կունենան հետեւյալ հաջորդականությունը (այբբենական կարգով)` Բագրատյան Հրանտ, Հայրիկյան Պարույր, Հովհաննիսյան Րաֆֆի, Ղուկասյան Անդրեաս, Մելիքյան Արման, Սարգսյան Սերժ, Սեդրակյան Վարդան:

ԿԸՀ-ն հաստատեց նաեւ էլեկտրոնային քվեաթերթիկի նմուշը, որը տարբերվում է միայն դիզայնով:

Հայաստանում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին երկրի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն յոթ թեկնածուներ` ՀՀ գործող Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:

«Արմենպրեսի» հաղորդմամբ`Քվեարկությունն անցկացնելու նպատակով 41 ընտրատարածքներում արդեն ձեւավորվել է 1988 ընտրատեղամաս: Նախընտրական քարոզչությունը կավարտվի փետրվարի 16-ին: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կսկսվի փետրվարի 9-ին` Երեւանի ժամանակով ժամը 08:00-ին, կավարտվի փետրվարի 13-ին ժամը 20:00-ին: Քվեարկությունը կսկսվի փետրվարի 18-ին` ժամը 08:00-ին եւ կավարտվի 20:00-ին: Նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2013-ի փետրվարի 25-ին:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը դեսպանին անվանել է «նորաթուխ բլոգեր»’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Ես կընտրեի Անգլիան՝ ի տարբերություն Վիլիանի’