Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Վիշեգրադյան քառյակին (Հունգարիա, Լեհաստան, Սլովակիա, Չեխիա) խնդրել է հանդիպել՝ բելառուսա-լեհական սահմանին ստեղծված իրավիճակը քննարկելու համար։
Այդ մասին այսօր հայտարարել է կառավարության մամուլի քարտուղար Պյոտր Մյուլլերը։
«Վաղը Մորավեցկին նոր հանդիպում ունի Վիշեգրադյան քառյակի հետ Բուդապեշտում։ Վարչապետը Վիշեգրադյան խմբին խնդրել է հավաքվել սահմանին ստեղծված աշխարհաքաղաքական իրադրության կապակցությամբ։ Այս շաբաթ կառավարության ղեկավարը կայցելի ևս մի քանի պետություններ,- ասել է Մյոլլերը՝ կոնկրետ երկրներ չնշելով։- Մենք սկսում ենք մեր տարածաշրջանի երկրներից, որոնք ավելի ենթակա են աշխարհաքաղաքական հետևանքների սպառնալիքին»,- հավելել է մամուլի քարտուղարը։
Կիրակի օրը Մորավեցկին այցելել է Լատվիա, Լիտվա և Էստոնիա, որտեղ քննարկել է միգրացիոն ճգնաժամը Բելառուսի սահմանին։ Նրա պնդմամբ՝ այդ իրադարձությունները հիբրիդային պատերազմի մի մասն են, որի մյուս բաղադրիչներից են իրավիճակն Ուկրաինայում և էներգիայի գնի աճը։
Փոխանցում է tass.ru-ն։