‘Էթիկայի հանձնաժողովի նիստը հետաձգվեց’

921

Ընթացիկ նստաշրջանի համար կազմավորված Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն այսօր, ժամը 11-ին հրավիրված իր անդրանիկ նիստում նախատեսում էր քննարկել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիմումի և հանձնաժողովի վարույթում գտնվող դիմումների քննարկման ընթացքի վերաբերյալ հարցը:

Առաջին հարցի զեկուցողը հանձնաժողովի նախորդ կազմում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն էր, ով հանձնաժողովի այս կազմում ընդգրկված չէ: Ինչպես հայտնեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, զեկուցողի կողմից դիմումում բարձրացված հարցի վերաբերյալ որոշման նախագիծը հանձնաժողովին նախապես չէր ներկայացվել, այդ իսկ պատճառով նիստը որոշվեց հետաձգել մինչև ժամը 13-ը: Այդ ընթացքում Զ.Փոստանջյանին հանձնաժողովի կազմում փոխարինած «Ժառանգության» ներկայացուցիչ Թևան Պողոսյանը կնախապատրաստվի իր նախորդի կողմից մշակած որոշման նախագծի զեկուցմանը:
2012թ.-ի դեկտեմբերի 7-ից հանձնաժողովի վարույթում գտնվող` Արմեն Ռուստամյանի դիմումի քննարկման արդյունքում հանձնաժողովը պետք է որոշի, թե նոյեմբերի 21-ին հրավիրված ԱԺ-ի արտահերթ նիստին չգրանցված 83 պատգամավորների կողմից խախտվել են ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված էթիկայի կանոնները, թե` ոչ:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի 48 պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին հրավիրված խորհրդարանի արտահերթ նիստում նախատեսվում էր քննարկել ՀՀ ընտրական և քրեական օրենսգրքերում, «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամների հեղինակած օրենքների նախագծերի փաթեթը: Սակայն նիստը չկայացավ, քանի որ ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված երեք ժամում քվորումն այդպես էլ չապահովվեց. գրանցվել էր ընդամենը 46 պատգամավոր: ՀՀԿ խմբակցությունը՝ ողջ կազմով եւ ՕԵԿ խմբակցության անդամները չէին մասնակցու նիստին:  Մինչդեռ նիստի աշխատանքը սկսվելու համար անհրաժեշտ էր, որպեսզի գրանցվեր առնվազն 66 պատգամավոր:

Հեղինակ: «Փաստինֆո»

 

Նախորդ հոդվածը‘Հովհաննես Ազոյան. Մարդը պետք է լավ ապրի իր հայրենիքում (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արաֆաթի այրին իր ամուսնությունը մեծ սխալ է համարում’