Փարիզի մերձակայքում կայացած հանրահավաքում Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմմուրին դիմավորել են՝ ինչպես կդիմավորեին սիրված ռոք աստղի։
«Ռեկոնկիստա» («Վերանվաճում») խոսուն անվանմամբ նոր շարժման առաջնորդն իր կողմնակիցներին խոստացել է նրանց համար նվաճել նոր Ֆրանսիա։
«Խաղադրույքի է դրված շատ բան,- հայտարարել է Զեմմուրը։- Եթե ես հաղթեմ այս ընտրություններում, դա կդառնա աշխարհի ամենագեղեցիկ երկրի վերանվաճման սկիզբը»։
Զեմմուրը նորելուկ է քաղաքականության մեջ։ Թոք-շոուի հանրահայտ հաղորդավարը հայտնի է իր հակամիգրացիոն դիրքորոշմամբ, նա խոստանում է Ֆրանսիան դուրս բերել ՆԱՏՕ-ից և ֆրանսիական բիզնեսը պաշտպանել չինացի և ամերիկացի մրցակիցներից։ Զեմմուրն իրեն ներկայացնում է որպես ժամանակակից Ֆրանսիայում միակ քաղաքական գործիչը, որն ընդունակ է երկիրը փրկել այն ամենից, ինչն անվանում են «անկում և հետադիմում»։
«Վերջին ամիսներին դուք, հավանաբար, իմ մասին հետաքրքիր բաներ եք լսել,- դիմել է նա հավաքվածներին։- Ոմանք ասում են, որ ես դաժան եմ։ Այո, չեմ բացառում, չէ՞ որ ես կրքոտ մարդ եմ, իմ նվիրումը գաղափարին բացարձակ է, իսկ Ֆրանսիան աղետի եզրին է հայտնվել»։
Զեմմուրի կողմնակիցներին նրա սկանդալային բնույթը, ըստ երևույթին, չի շփոթեցնում, և նույնիսկ ընդհակառակը՝ ոգևորում է։ «Նա երբեմն չափն անցնում է, բայց հիմա մեզ հենց դա է հարկավոր՝ երկրում կարգուկանոն հաստատելու համար»,- ասում է համակիրներից մեկը։
Շատերը Զեմմուրին համարում են սեքսիստ, կնատյաց, սակայն նրա լսարանում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների պակաս չի նկատվում։
Փոխանցում է euronews-ը։