Գրատախտակին նկարված Մասիս․ Ալիք Մեդիա

1083

Տատս պատմում էր, որ 1930-ականներին տեսել է՝ ինչպես են «Դերունց տանը» (Տեր-Գրիգորյանների) թերթ առ թերթ պոկոտում, բուխարիկում վառում «Ռափու գրքերը»։ Եվ ասում էր, որ «էնտեղ Տաճկահայաստանի պատմությունն էր»։

Նա կրթություն չէր ստացել, հարս է եկել մի ընտանիք, որտեղ մեր Թեւոս նախապապը թերթ էր կարդում եւ տղային հարցնում․ «Աթանես, էս որ գրում են՝ «բուռն, երկարատեւ ծափահարություն», էդ ինչի՞ համար են ծափահարում»։ Խորհրդային իշխանությունը նրան «կուլակ» էր հայտարարել, ձին եւ անասունները համայնացրել, եւ մարդն արդարացիորեն զարմանում էր, թե նման երկրում ծափահարության արժանի ի՞նչ կարող է լինել։

Ես վեց տարեկան էի, երբ իմացա, որ մորական պապս Քանաքեռում գտել է իր եղբոր տղային, տեսության է գնում։ Նա վանեցի էր, ամերիկյան որբանոցում մանկավարժական կրթություն էր ստացել, 1924 թվականին աշխատանքի անցել Արցախի մեր գյուղում եւ «Հայրենիքի ձայն» թերթում մի օր կարդացել, որ Պողոս Զադոյանը փնտրում է հորեղբորը՝ Հովհաննես Մաթեւոսի Մինասյանին։

Ահա այդպես։ Ե՛վ ստալինյան բռնությունները, ե՛ւ եղեռնը իմ կենսագրության անբաժանելի մասն են։

Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում ուսումնառության չորս տարիներին լսարանների գրատախտակին ես կավիճով Մասիս էի նկարում, ֆակուլտետի դեկանի տեղակալ Խասայ Մամեդովն ամեն անգամ ինձ վրա մատ էր թափ տալիս, բայց դա երեխայություն էր, ինչպես որ սեյսուլանցի Վաչագան Հարությունյանն էր հանրակացարանային իր մահճակալի գլխին կախում Անդրանիկ Օզանյանի լուսանկարը։ Եվ երբ մի անգամ ինստիտուտի կուսկոմիտեի քարտուղար Ֆարաջեւը հարցրեց, թե ով է լուսանկարի մարդը, Վաչոն անմեղ-անմեղ պատասխանեց՝ «պապս է»։

Ժամանակները փոխվել էին, ինստիտուտից ո՛չ ինձ հեռացրին, ո՛չ Վաչոյին։ Չհեռացրին տասնյակ ուրիշների, որ ապրիլի 24-ին սեւ վերնաշապիկներով էին դասի գալիս։ Միայն ասացին, որ «անցյալը պետք չէ փորփրել»։ Իրենց անցյալը իրենք չէին փորփրում, ապրում էին իրականությամբ, որը մեր տանջանքն էր։

Բայց սա ինչո՞ւ եմ ասում։

Արցախում ազգային–հոգեւոր ռենեսանս, որքան էլ ծանր լինի խոստովանել, մենք չունեցանք։ Ուղղակի երեկվա կոմերիտ-կուսակցականները վերափոխվեցին «հայրենասերների»։ Այդպես չպետք է լիներ, կեցության, աշխարհայեցողության մի ծիրից մյուսին այդքան միանգամից անցումը ոչ միայն արհեստածին, այլեւ վտանգավոր էր։

Ստեփանակերտի էլիտան հիմնականում ռուսախոս էր, կոսմոպոլիտ։ Նոր իրավիճակին հարմարվելու համար նա ընտրեց առավելապաշտությունը։ Հայ ժողովրդի պատմության, գրականության, մշակույթի չիմացությունը փոխարինվեց «մինչեւ վերջ գնալու» քարոզչությամբ, որի էությունը, սակայն, «ալիքի վրա մնալու» քաղաքական նպատակահարմարությունն էր։

Ստեփանակերտում բառիս բուն իմաստով ջարդվեցին հայ ինքնությանը բնորոշ զգուշավորությունը, պահպանողականությունը։ Եղավ այն, ինչ մանկավարժական մեր ինստիտուտի տղաներս էինք տասը-տասնհինգ տարի առաջ անում՝ ցուցադրական ընդվզում, բողոք, ինչ-որ տեղ՝ սնապարծություն։ Խորքային իմաստով 1988-ին Ստեփանակերտը ոչ այնքան հաջող, բայց կրկնեց Երեւանի 1965-ը։

Եվ ով այն տարիներին «ԴՕՍԱԱՖ»-ից մի օդամղիչ հրացան էր թռցրել, որ «գնա-Մասիսը ետ բերի», Ստեփանակերտում հռչակվեց ազգային-ազատագրական պայքարի «ռահվիրա», նույնիսկ գաղափարախոս։ Համարյա թե մեր օրերի Գարեգին Նժդեհ կամ Գեւորգ Չաուշ եւ Անդրանիկ։ Նախկին կոմկուսակցական նոմենկլատուրային դա ձեռնտու էր, իր թիկունքն ապահովվում էր «համաժողովրդական աջակցությամբ»։ Նախկին երդվյալ կոմունիստները մի օրում վերափոխվեցին անզիջում ազգայնականների։

Պարադոքս է, բայց փաստ․ ՀՅԴ-ի մուտքն Արցախ նշանավորվեց մի քանի կոմունիստների եւ կոմերիտականների երդմնատվությամբ։ Իսկ որտեղ՝ ՀՅԴ, այնտեղ էլ՝ «ընդհատակյա կոմիտե» կամ «բջիջ»։ Քաղաքական շարժումը կարճ ժամանակ անց փոխակերպվեց «ապստամբության», երկխոսությունը բացառվեց։ Որտեղ՝ ՀՅԴ, այնտեղ էլ՝ «դավաճանության կանխավարկած», եւ Արցախում խմորվեց ներքին սուր անհանդուրժողականություն։

Շատ տարիներ հետո երբ այդ օրերի «ընդհատակի» գործիչներից մեկին հարցրի, թե ունենալով բարձրագույն տեխնիկական կրթություն, այն էլ ռուսական, որտեղի՞ց գիտեր 19-րդ դարի «հեղափոխական շարժման», նրա գործիչների մասին, մարդն անկեղծորեն խոստովանեց, որ ՀՅԴ ո՛չ ծրագիրն է կարդացել, ո՛չ պատմությունը, միայն «թեթեւակի ծանոթ է կանոնադրությանը»։

Այդպես՝ գրեթե բոլորը, համենայն դեպս՝ շատերը։ Այս «պլատֆորմով» ի՞նչ քաղաքականություն։ Այսպես միայն կարելի է աշխարհի վրա մատ թափ տալ, իսկ նեղն ընկած դեպքում այս կամ այն հասցեով աղերսագիր հղել։ Ինչպես եղավ 1988-ի կեսերին, երբ մարզգործկոմի նախագահը դիմեց ՄԱԿ-ին եւ 150 հազար հայի համար քաղաքական ապաստան խնդրեց։ Թեկուզ՝ «Սահարայում», միայն թե «Ադրբեջանի ենթակայությունից դուրս լինենք»։

Ահա այդպես է խմորվել նաեւ ինքնավար մարզը «գոնե Ռուսաստանի կազմ մտցնելու» գաղափարը։ Այդպես են շրջանառվել բազմաթիվ «հայտնագործություններ»։ Եվ այդպես են մեռցվել պետականությունը, սուբյեկտայնությունը, ինքնությունը, որ առաջին պատերազմով վերականգնվեց, վերահաստատվեց ավելի ամուր, ավելի առարկայական եւ միջազգայնորեն գրեթե ընկալելի հիմքերով։

Եվ, ավաղ, հետագա տասնամյակներում ամեն ինչ հետեւողականորեն վերադարձվեց «գրատախտակին Մասիս նկարելու» մակարդակի։ Չիմացությա՞ն հետեւանք է։ Դժվար է ասել, բայց մյուս կողմից էլ մի՞թե չէինք կարող իմացությամբ օժտել կյանք մտնող նոր սերունդներին։ Իհարկե, կարող էինք, բայց չարեցինք։ Ինչո՞ւ։ Ավելի հեշտ էր «պահանջատեր լինե՞լ», թե՞ մեզ պարտադրված էր միշտ մնալ այդ «ծիրին մեջ»։ Սա էլ, երեւի, ոչ գործնական հարցադրում է։

Հրամայական է, որ կենտրոնանանք այլ խնդրի վրա, իսկ այդ շրջապտույտից ելք կա՞, կարո՞ղ ենք գտնել։ Թե չէ իմ կենսագրությունն ի՞նչ արժեք ունի․․․

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։

Ալիք Մեդիա

Նախորդ հոդվածըԷրիկ Զեմմուրը Ֆրանսիային խոստանում է վերադարձնել «նախկին հզորությունը»
Հաջորդ հոդվածըԼուկաշենկո․ Եթե ընդդիմությունը հաղթած լիներ, հիմա ՆԱՏՕ-ն Սմոլենսկի մերձակայքում կլիներ