Նյու Յորքի Բրոնքս թաղամասի բազմահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ, այդ թվում՝ ինը երեխա։
Այս հրդեհը վերջին տասնամյակների ընթացքում ամենախոշորն է։
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ բնակելի շենքում հրդեհը բռնկվել է կիրակի առավոտյան ժամը 11-ի մոտ։ Հրշեջները ժամանել են ահազանգն ստանալուց երեք րոպե անց, հրդեհը մարելուն մասնակցել է ավելի քան 200 հրշեջ։
Հրդեհի զոհեր են հայտնաբերվել բոլոր հարկերում, նրանցից շատերը, հավանաբար, մահացել են ածխածնային գազից։
Ընդհանուր թվով՝ տուժել է 60 հոգի, նրանցից 32-ը հոսպիտալացվել են կյանքին վտանգ սպառնացող ախտորոշումներով։
Քաղաքային հրշեջ ծառայությունից հայտնել են, որ 19 հարկանի շենքում հրդեհի բռնկման պատճառ է դարձել էլեկտրական տաքացուցիչը։
Փոխանցում է BBC-ն։