‘Եթե Սերժ Սարգսյանը չգա, Րաֆֆի Հովհաննիսյանը կգնա հանրապետականի մոտ’

1562

Եթե այսօր Սարգսյանը չգա Ազատության հրապարակ, ապա «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը կգնա հանրապետականների մոտ, «որտեղ որ պետք է», այս մասին Tert.am–ի հետ զրույցում ում ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ով գիշերն անցկացրել է Ազատության հրապարակում։

«Կգա թե ոչ, չեմ կարող ասել, ուրախ կլինեմ, որ իրենք գան, սպասում եմ, որ իրենք գան, եթե իրենք չգան, ես կգնամ, որտեղ, որ պետք է, եթե իրենք չեն ուզում ժողովրդի մոտ գալ և ունենալ հրապարակային խոսք, ժողովրդի հաղթանակի ընդունում և հանձնում»,– ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների փետրվարի 18-ին կայացած քվեարկությանը հավաքել է 539.672 ձայն կամ 36.75%–ը, սակայն պնդում է, որ արդյունքները կեղծվել են և հաղթել է ինքը, ոչ թե Սերժ Սարգսյանը:

«Եթե գան, շատ լավ կլինի, կարծում եմ՝ Հայաստանի առողջացման և իրավական-սահմանադրական ապագայի տեսակետից շատ անհրաժեշտ քայլ կլինի երրորդ նախագահի կողմից: Եթե չեղավ, այլ եղանակ կգտնենք»,- ավելացրեց նա։

Հիշեցնենք, որ երեկ ՐաՖՖի Հովհաննիսյանը հայտարարելով, որ գիշերը լինելու է Ազատության հրապարակում և սպասելու է Սերժ Սարգսյանին, ով այսօր նույն վայրում պետք է նշի իր հաղթանակը: «Մենք պետք է վաղը իրենց դիմավորենք, մենք այստեղից չենք հեռանալու մինչև հաղթանակ»,- հայտարարել էր «Ժառանգության» առաջնորդը:

Րաֆֆի Հովհաննիսյանը և հրապարակում մնացած մարդիկ փետրվարի 21 -ի առավոտը դիմավորեցին ձնախառն անձրևի տակ՝ խմբերով կամ առանձին-առանձին , անձրևանոցներով ու ցելոֆաններով փաթաթված շրջելով: Նրանք հիմնականում պտտվում էին Ազատության հրապարակի զույգ արձանների՝ Ալ.Սպենդիարյանի արձանի և Հ. Թումանյանի արձանի շուրջը։

Գիշերը Ազատության հրապարակում անցել է նորմալ, որևէ միջադեպ չի գրանցվել:

Հանրահավաքի ցրվելուց հետո բավական ուշ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Հրանտ Բագրատյանը, քննարկել են ներկա իրավիճակի հետ կապված խնդիրներ, ինչի համար Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալ է նրան:

Րաֆֆի Հովհաննիսյանն այս ընթացքում մի քիչ հանգստացել է, մի քանի ժամ տանն է անցկացրել՝ եղբորը՝ Արմենին Լոս Անջելես ճաանապարհելու համար:

Ի պատասխան դիտարկմանը, որ «Ժառանգությունը» Եվրոպայի ժողովրդական կուսակցության(ԵԺԿ) անդամ է, սակայն ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը արդեն շնորհավորել է Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց.«Ես պարոն Մարտենսին ողջունում եմ, ինչպես նաև զույգ վեհափառներին, որ շնորհավորել են իշխանական թեկնածուին, Վլադիմիր Վլադիմիրովիչին հետը, իրենք շտապել են մի փոքր, բայց մարդ են, սխալվում են: Եվ կարծում եմ՝ ժողովրդի կամքն այս անգամ պիտի հաղթի: Այսօր, իմ կարծիքով, շատ կարևոր օր է, և աշխարհն ու Հայաստանի Հանրապետությունը կտեսնեն մեր կամքը: Այսօր, և՛ վաղը, և՛ մյուս օրը»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ամենայն հարգանք է տածում ԵԺԿ նախագահի նկատմամբ, սակայն նա պետք է հասկանա, որ ԵԺԿ-ն ոչ միայն ընտրությունների միջոցով իշխանության եկած թեկնածուին շնորհավորելու խնդիր ունի, այլ եթե իսկապես ժողովրդավարության արժեքների կրող է, ապա պետք է հարգի ժողովրդի ձայնը և ոչ թե իշխանական կեղծիքը:

«Շտապել է, բայց մարդ է, ես էլ ներող մարդ եմ, ես էլ սխալական եմ և ներողություն եմ խնդրում իրենից իմ քննադատության համար, բայց այս անգամ ինքը սխալ է»,- ավելացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Բրիտանական «Ռոյթերս» լրատվական գործակալությունը երեկվա հանրահավաքին իր անդրադարձում գրել էր, որ երեկ Ազատության հրապարակում հանրահավաքին մասնակցում էր 5000 մարդ: Ի պատասխան խնդրանքի՝ մեկնաբանել այս թվերը, Րաֆֆի Հովհաննիսյանը հարցրեց՝ «Ձեր կարծիքով՝ դա ճի՞շտ է», ապա ավելացրեց, որ միգուցե, հրապարակը մի փոքր ազատ տեղ ուներ, բայց հիմնականում լեփ-լեցուն էր և բազմաթիվ անգամ ավելի էր, քան հինգ հազար: Նա նաև ասաց, որ իրենց պայքարը ոչ միայն քանակ ապահովելու համար է, այլ՝ երկրին իրավական որակ բերելու։

Նախորդ հոդվածը‘Խերարդ Պիկե. Սարսափելի խաղացինք’
Հաջորդ հոդվածը‘Իրանում այն կարծիքի են, որ էժան գազի դարաշրջանն ավարտվել է’