Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Տոկիո կատարելիք այցի ընթացքում կտեղեկացնի եկող տարի G7-ի գագաթնաժողովը Հիրոսիմա քաղաքում անցկացնելու ցանկության մասին, հաղորդել է Kyodo-ն՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ սպասվում է, որ ճապոնական առաջնորդը կբացատրի Հիրոսիմայում գագաթնաժողովն անցկացնելու կարևորությունը և աջակցության ակնկալիքով կդիմի ԱՄՆ առաջնորդին նրա այցի ընթացքում, որը նախատեսված է առաջիկա կիրակիից մինչև երեքշաբթի։ Ինչպես նշել են աղբյուրները, ենթադրվում է, որ 1945 թ․ ԱՄՆ-ի ատոմային ռմբակոծությունից տուժած Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովն անցկացնելու դեպքում Ճապոնիայի առաջնորդն ուզում է հանդես գալ հանուն միջուկային զենքից զերծ աշխարհի։
Ծրագրված է, որ երկուշաբթի Կիսիդան և Բայդենը բարձր մակարդակի հանդիպում կանցկացնեն և դրանից հետո վերջնական որոշում կընդունեն գագաթնաժողովի անցկացման վայրի վերաբերյալ։ Սակայն, աղբյուրների պնդմամբ, մինչև պաշտոնապես Հիրոսիման ընտրելը, Ճապոնիան պետք է պարզի՝ այդ ընտրությունը կպաշտպանե՞ն G7-ի՝ միջուկային զենք ունեցող մյուս երկրները՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։
Փոխանցում է Interfax-ը։