‘
ԿԸՀ-ը մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը, որով նախագահի թեկնածուն պահանջում էր չեղյալ համարել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումը: Մինչ այդ Ր Հովհաննիսյանի ընտրական շտաբի անդամ Կարեն Մեժլումյանը ներկայացրեց տվյալներ, որոնք փաստում են, որ Սերժ Սարգսյանն ունեցել է 1600 շտաբ: Յուրաքանաչյուր նախընտրական շտաբ ունեցել է քարոզչական պաստառ, իսկ կատարված ամբողջ ծախսը ներառված չէ հայտարարագրերում: Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն էլ պնդեց, որ Սերժ Սարգսյանի քարոզչական ծախսերը 110 մլն դրամը գերազանցել են:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի ներկայացրած ընդարձակ հիմնավորման մեջ մասնավորապես, նշվում էր, որ թեկնածուին գրանցումից զրկելը ծայրահեղ միջոց է, եւ դրան պետք է դիմել միայն այն ժամանակ, երբ «խախտումների թողած հետեւանքները անդառնալի են» եւ էապես ազդել են ընտրության արդյունքների վրա: Ըստ էության ԿԸՀ-ը չհերէեց, որ Սերժ Սարգսյանը օրենքի խախտմամբ նախատեսվածից ավելի ընտրական շտաբեր է ունեցել: Ինչ վերաբերում է շտաբերի վրա փակցված, Սերժ Սարգսյանի լուսանկարներով եւ անունը պատկերող պաստառներին, ապա ԿԸՀ մեկնաբանմամբ, այդ պաստառները քարոզչական չեն, քանի որ թեկնածուի օգտին քվեարկելու ուղիղ կոչեր չեն ներառում:
Հայտարարվեց, որ ԿԸՀ որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելուց ՀՀ վարչական դատարան օրացուցային երեք օրվա ընթացքում:
‘