ԱՄՆ կառավարությունը ենթադրում է, որ ամերիկյան ընկերությունների վրա Ռուսաստանի կողմից կիբեռգրոհների սպառնալիքը մնում է բարձր մակարդակի վրա։
Ինչպես հաղորդել է The Wall Street Journal թերթը, նման կարծիքի են ամերիկյան վարչակազմի այն անդամները, որոնք պատասխանատու են կիբեռանվտանգության ապահովման համար։
Թերթի տվյալներով՝ ԱՄՆ ենթակառույցների և կիբեռանվտանգության ապահովման գործակալության ղեկավար Ջեն Իստեռլին տեղեկատվական անվտանգության հարցերով Սան Ֆրանցիսկոյում կայացած համաժողովում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ռուսաստանյան «հատուկ գործողության» մեկնարկից հետո խոշոր կիբեռգրոհների բացակայությունը ամերիկյան ենթակառույցների վրա` չի նշանակում, որ սպառնալիքի մակարդակն իջել է։ «Չեմ կարծում, թե այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ սպառնալիք չկա»,- ասել է նա։ Իստեռլին պնդել է, որ «վնասակար կիբեռակտիվությունը ռուսաստանյան մարտավարության մի մասն է»։
Կիբեռանվտանգության գծով Սպիտակ տան վարչության տնօրեն Քրիս Ինգլիսը, խոսելով Ռուսաստանի կողմից ենթադրյալ կիբեռսպառնալիքի մասին, պնդել է, որ ԱՄՆ-ի մտավախությունները հիմնվում են հետախուզության տվյալների վրա։ «Մենք բավականաչափ համոզված ենք մարտավարական սպառնալիքի հարցում»,- ասել է նա։
Փոխանցում է tass.ru-ն։