Մերկել․ «Ուկրաինան պատրաստ չէր մտնելու ՆԱՏՕ»

365

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը Ուկրաինա ռուսաստանյան ներխուժումից հետո իր առաջին մեծ հարցազրույցում փորձել է պաշտպանել իր քաղաքականությունը Վլադիմիր Պուտինի հետ հարաբերություններում։

Նա հայտարարել է, որ ինքը ներողություն խնդրելու կարիք չունի ո՛չ Ռուսաստանի կողմից Ղրիմը անեքսիայի ենթարկելուց հետո իր արձագանքի համար, երբ պաշտպանել էր հակառուսաստանյան պատժամիջոցները, ո՛չ էլ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը խոչընդոտելու համար, ինչն ինքը վաղաժամ էր համարում։  Նա շեշտել է, որ այն տարիներին Ուկրաինան պատրաստ չէր միանալու ՆԱՏՕ-ին, քանի որ, ըստ նրա, դեռ ոչ հասուն դեմոկրատիա ուներ և կառավարվում էր օլիգարխների կողմից։

Մեկուկես ժամանոց հարցազրույցի ընթացքում Մերկելը պարզաբանել է, որ ինքը հասկանում էր՝ ինչ է մտածում Պուտինը, և չէր ուզում սադրել նրան։ «Չի կարելի մեկ օրում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Ես միանգամայն համոզված էի, որ Պուտինը հենց այնպես դա թույլ չի տա։ Նրա տեսակետից՝ դա պատերազմ հայտարարել կնշանակեր»,- ասել է Մերկելը՝ շեշտելով, որ այդ կերպ հաջողվել է ժամանակ շահել, հանդարտեցնել իրավիճակը և «Ուրաինային ժամանակ տալ դառնալու այն երկիրը, ինչ որ հիմա է»։

«Դիվանագիտությունը սխալ չի կարող լինել միայն այն պատճառով, որ չի աշխատել․․․ Ռազմական զսպումը միակ լեզուն է, որ նա (Ռուսաստանի նախագահը) հասկանում է»,- ասել է նախկին կանցլերը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ում կիբեռգրոհների սպառնալիքի բարձր մակարդակ են հայտարարել
Հաջորդ հոդվածըԱբրամովիչը վիճարկում է իր դեմ սահմանված պատժամիջոցները