Իսրայելում կրկին արտահերթ ընտրություններ են սպասվում

366

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթը և արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը երկուշաբթի հայտարարել են, որ եկող շաբաթ Կնեսետում քվեարկություն կանցկացվի խորհրդարանը լուծարելու և նոր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ՝ գրեթե չորս տարվա ընթացքում արդեն հինգերորդ անգամ։

Ընտրությունները, ինչպես ենթադրում են իսրայելցի մեկնաբանները, կարող են անցկացվել հոկտեմբերի վերջին։

Եթե այդ որոշումն ընդունվի, ապա վարչապետի պաշտոնը մինչև նոր ընտրությունները կզբաղեցնի Յաիր Լապիդը։

Կառավարության անդամներից ոմանց համար Բեննեթի և Լապիդի որոշումն անակնկալ է եղել։

Իսրայելի խորհրդարանի ութ տարբեր կուսակցությունների դաշինքը ձևավորվել էր ընդամենը մեկ տարի առաջ։ Դաշինքի մեջ մտնող տարաբնույթ կուսակցությունների միակ նպատակն էր այն ժամանակ վարչապետ Բինիամին Նեթանյահուին և նրա աջ-կենտրոնական Լիկուդ կուսակցությանը թույլ չտալ վերադառնալ իշխանության։ Այժմ, մի հարցման համաձայն, 72-ամյա Նեթանյահուն և իր կուսակցությունը նոր ընտրություններում կարող են Կնեսետում ստանալ մանդատների մեծ մասը, իհարկե՝ հարաբերական, այլ ոչ թե բացարձակ մեծամասնությունը։ Նեթանյահուն, որին 2020 թվականից դատում են կոռուպցիայի մեղադրանքներով, համոզված է, որ վերադառնալու է իշխանության։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Դեպի տուն՝ Եվրոպա»․ Բազմամարդ ցույց Թբիլիսիում
Հաջորդ հոդվածըՀայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողի եւ մարզիչի հավակնորդները