‘Amnesty International. Մահապատիժների թիվն աշխարհում կրճատվել է’

964

2018 թ. աշխարհում մահապատիժների թիվը կրճատվել է 31 %-ով՝ դառնալով առնվազն վերջին տասնամյակի ամենացածր ցուցանիշը: Այդ մասին ասվում է Amnesty International հասարակական կազմակերպության՝ չորեքշաբթի հրապարակված զեկույցում:

Ընդհանուր առմամբ՝ աշխարհում մահապատիժների թիվը 2017 թ. 993-ից 2018-ին դարձել է 690:

Ինչպես այդ առիթով նշել է կազմակերպության գլխավոր քարտուղար Կումի Նայդուն, «աշխարհում մահապատիժների թվի կտրուկ նվազումն ապացուցում է, որ նույնիսկ այն երկրները, որոնցից դա ամենաքիչն ես սպասում, սկսում են փոխել իրենց մոտեցումներն ու հասկանալ, որ մահապատիժը խնդրի լուծում չէ»:

Մասնավորապես, զեկույցում նշվում է, որ թմրանյութերի դեմ պայքարի վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարելուց հետո Իրանում, որտեղ մահապատիժը հաճախ է կիրառվում, այդ պատժամիջոցը նվազել է 50 %-ով: Իրաքում, Պակիստանում և Սոմալիում նույնպես զգալի պակասել են մահապատիժները:

Միևնույն ժամանակ, իրավապաշտպանները նշել են մահապատիժների թվի աճ այնպիսի երկրներում, ինչպես՝ Բելառուսում (առնվազն չորս), Սինգապուրում (13) և Հարավային Սուդանում (առնվազն յոթ), իսկ Ճապոնիայում արձանագրվել է երկար տարիների ընթացքում մահապատիժների ամենամեծ թիվը՝ 15: Թաիլանդում 2009 թ. ի վեր մահապատիժ է կիրառվել միայն մեկ անգամ:

Զեկույցում նշվում է, որ Չինաստանն այն երկիրն է, որտեղ ամենաշատն է կիրառվում մահապատիժը, թեպետ դրա իրական ծավալները հայտնի չեն, քանի որ դրա վերաբերյալ տվյալները պետական գաղտնիք են: Amnesty International-ի գնահատականով՝ ՉԺՀ տարածքում «ամեն տարի հազարավոր մարդկանց նկատմամբ մահապատժի դատավճիռ է կայացվում, և հազարավոր մարդիկ ենթարկվում են մահապատժի»:

Չինաստանին հաջորդում է այն երկրների ցանկը, որտեղ 2018 թ. ամենամեծ թվով մահապատիժներ են իրականացվել. Իրան (առնվազն 253), Սաուդյան Արաբիա (149), Վիետնամ (առնվազն 85) և Իրաք (առնվազն 52):

Փոխանցում է tass.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Ալժիր. Պետության նոր ղեկավար՝ բողոքի նոր ցույցեր’
Հաջորդ հոդվածը‘Միհրան Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել ներկայանալու հարցաքննության’