‘ Bleacherreport-ը Հենրիխ Մխիթարյանի մասին’

1010

Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 2։0 հաշվով հաղթեց Բեռլինի «Հերտային», իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կատարեց երկու գոլային փոխանցում։ 26-ամյա ֆուտբոլիստի խաղին է իր հոդվածում անդրադարձել բրիտանական «bleacherreport»-ը։ 

«Ռոյսի վնասվածքի ժամանակ ամբողջ պատասխանատվությունը հարձակման գործողությունների համար ընկավ Հենրիխ Մխիթարյանի ուսերին, և նա չհիասթափեցրեց։ Օբամեյանգի, Կագավայի եւ Կամպլի վատ մարզավիճակի ժամանակ հենց Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը դարձավ հարձակման հենասյունը՝ ապահովելով դորտմունդցիների գրոհների բարձր տեմպը։ Իհարկե, Կագավան կարող է լավ փոխանցում կատարել, սակայն հենց Մխիթարյանն էր առաջ մղում թիմակիցներին՝ հայտնվելով ճիշտ ժամանակին ճիշտ տեղում։ 

«Squawka»-ի ստորեւ ներկայացված գրաֆիկայում երեւում է Մխիթարյանի անդադար շարժը։

 

Ճիշտ է, Հենրիխը հիմնականում գործում էր աջ եզրում, սակայն նրա փոխանցումները նպատակաուղղված էին դեպի մրցակցի տուգանային հրապարակ։ Մխիթարյանի հետ դորտմունդցիներն ավելի ստեղծագործ խաղ են ցուցադրում։ Նրա մյուս առավելություններից է այն, որ նա հեշտությամբ է շրջանցում մրցակիցներին, երբ լավ մարզավիճակում է գտնվում։ Դա կարող է ակնհայտ թվալ, որ դրիբլինգն օգնում է թիմին սրել խաղը, սակայն «Բորուսիայում» քիչ են այն ֆուտբոլիստները, ովքեր իսկապես համարձակվում են դա անել։ Դորտմունդցիների կազմում նման գործողություններով աչքի են ընկնում Ռոյսը, Դուրմը եւ Մխիթարյանը։ Հենց դրանով է հայ ֆուտբոլիստը հիշեցնում Ռոյսին կամ այլընտրանք հանդիսանում Գերմանիայի հավաքականի աստղի համար։  

Միկին սիրում է մեկ-երկու փոխանցումով հասնել տուգանային հրապարակ եւ հարված կատարել։ Ի տարբերություն Կամպլի, Բլաշչիկովսկու եւ Գրոսկրոյցի՝ վերջին ժամանակներում Մխիթարյանն ապացուցում է, թե ինչպես կարող է արդյունավետ դարձնել «Բորուսիայի» հարձակումը, այն ինչ չէր բավականացնում թիմին նրա բացակայության ժամանակ։ 

Ճիշտ է, այս տարի կարելի է տապալված համարել ամբողջ «Բորուսիայի» համար, սակայն Հենրիխի՝ նման մարզավիճակում գտնվելու դեպքում, թիմը կարող է լուրջ խնդիրներ դնել իր առջեւ հաջորդ մրցաշրջանում»,- գրում է բրիտանական կայքը։

Նախորդ հոդվածը‘ԹԻՀԿ. կոռուպցիան շարունակում է մնալ Հայաստանի ամենալուրջ հիմնախնդիրներից մեկը’
Հաջորդ հոդվածը‘ՎՊ-ին դուր է եկել ԹԻՀԿ-ի զեկույցը’