Covid-19․ ԵՄ-ն Ուկրաինան հանել է «կանաչ ցուցակից»

313

Եվրամիությունը Ուկրաինան հանում է «կանաչ ցուցակից»՝ հիվանդացության և մահացության թվերի աճի պատճառով, գերմանացի բժիշկները հետաձգում են պլանային վիրահատությունները։

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում Covid-19-ով վարակվածների թիվն անցնում է 250 միլիոնից, մահացել է 5 միլիոնից ավելի մարդ։

Այժմ շատ երկրներում հիվանդացության կտրուկ աճ է արձանագրվում։ Ամենավատ դրությունը ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Ռուսաստանում է, թեպետ Բրիտանիայում այս ընթացքում մահացությունը չի ավելանում։

Այս եռյակին հաջորդում են Թուրքիան, Ուկրաինան և Գերմանիան։ Երեքշաբթի պարզվել է, որ Եվրամիությունը Ուկրաինան հանում է բարենպաստ համաճարակաբանական իրավիճակ ունեցող երկրների իր «կանաչ ցուցակից»։ Վերջին 28 օրերի ընթացքում այնտեղ հիվանդացել է կես միլիոնից ավելի մարդ,  մահացել է 14,6 հազարը։

«Կանաչ ցուցակում» ընդգրկված են այն երկրները, որոնց քաղաքացիների համար ԵՄ-ն առաջարկում է չեղարկել ոչ պարտադիր (այսինքն՝ տուրիստական) ուղևորությունների սահմանափակումները։

Գերմանիայում նույնպես հիվանդացության մակարդակը շարունակում է բարձրանալ։ Բուժաշխատողները զգուշացնում են, որ ստեղծված իրավիճակում իրենք ստիպված են հետաձգել պլանային վիրահատություններն ու այլ պրոցեդուրաներ, որոնց մի մասը կենսական կարևոր նշանակություն ունի հիվանդների համար։

Իսրայելի կառավարությունը փակ դռների ետևում քննարկում է երեխաների պատվաստումը թույլատրելու հարցը։ Երկրի մի քանի քաղաքներում հախուռն ցույցեր են տեղի ունեցել։

Սինգապուրի իշխանությունները դեկտեմբերից կդադարեն հոգալ Covid-19-ով վարակված, բայց չպատվաստված հիվանդների բժշկական ծախսերը։ Այսինքն՝ չպատվաստված սինգապուրցիները «կհիվանդանան իրենց հաշվին»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՎենգեր․ Երիտասարդ սերունդը կողմ է ԱԱ-ն 2 տարին մեկ անցկացնելուն
Հաջորդ հոդվածըՍթիվեն Ջերարդը կգլխավորի «Աստոն Վիլան»