‘«Daily Mail». «Բարսելոնան» ֆինանսական խնդիրների պատճառով կվաճառի Մեսսիին ու Նեյմարին’

1028

Կատալոնական «Բարսելոնան» ֆինանսական խնդիրներ ունի, որոնք կարող են հանգեցնել ակումբի ամենաթանկարժեք աստղերի վաճառքին,- հայտնում է «Daily Mail»-ը։

Աղբյուրի տեղեկություններով, չնայած վեց տարվա ընթացքում Չեմպիոնների լիգայում տոնած երեք հաղթանակներին և անցյալ մրցաշրջանում ակումբի ունեցած 608 մլն եվրո շահույթին, կատալոնացիները կարիք ունեն հապշտապ հովանավորի գտնելու, քանի որ ակումբի եկամուտի 73 տոկոսը ծախսվում է թիմի աշխատավարձերի վճարման վրա, ինչը հակասում է ակումբի մարտավարությանը։

Բացի այդ, Չեմպիոնների լիգայում հաղթանակի դիմաց «Բարսելոնան» զգալի հավելավճարներ է տվել խաղացողներին ու մարզիչներին։ Օրինակ, Լիոնել Մեսսին, ում աշխատավարձը տարեկան 21 մլն եվրո է, մրցաշրջանում երեք տիտղոս նվաճելու համար ամռանը 4 մլն եվրո պարգևավճար է ստացել։

Հաղորդվում է, որ «Բարսելոնան» լուրջ խնդիրներ ունի տիտղոսային հովանավորի հետ։ Այժմ կատալոնացիների և «Qatar Airways»-ի բանակցությունները փակուղում են։ «Բարսելոնան» ուզում է պայմանագիր կնքել «Nike»-ի հետ, ինչն ակումբին տարեկան 30-35 մլն եվրո կբերի, սակայն դա չի կարող լինել մինչև 2018 թվականը։

Ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուին չի հաջողվում նաև պայմանավորվել հովանավորական պայմանագրի շուրջ՝ կապված «Կամպ Նոու» մարզադաշտի անվան վաճառքի հետ։ Առաջիկա երկու տարիների ընթացքում սկսվելու է մարզադաշտի վերակառուցումը, որի համար արդեն ներդրվել է 600 մլն եվրո։

«Բարսելոնան» կարող է Անգլիայի առաջնության ակումբներին՝ «Մանչեսթեր Յունայթեդին» ու «Մանչեսթեր Սիթիին» վաճառել Մեսսիին ու Նեյմարին, որ զգալի գումարներ ստանա ու մեծացնի վճարունակությունը։

Ակնկալվում է նաև, որ ֆինանսական խնդիրների պատճառով ակումբը կհրաժարվի ձեռք բերել կիսապաշտպան Պոլ Պոգբային, ում դիմաց «Յուվենտուսը» մտադիր է 100 լն եվրո ստանալ։

Նախորդ հոդվածը‘Վատցկե. «Կլոպը ֆուտբոլիստների հետ կապ հաստատելուց առաջ մեզ կդիմի» ‘
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. Գարի Նևիլը գլխավորել է «Վալենսիան»’