‘Ernst & Young ընկերությունը թողարկել է Հայաստանում աշխատավարձերի և հատուցումների 2013թ. ուսումնասիրության հաշվետվությունները ‘

1209

EY ընկերությունը թողարկել է Հայաստանում աշխատավարձերի և հատուցումների 2013թ. ուսումնասիրության հաշվետվությունները: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ընկերության մարքեթինգի ծառայությունում:

EY ընկերության աշխատավարձերի և հատուցումների 2013թ. ուսումնասիրությանը, աղբյուրի համաձայն,  մասնակցել են ֆինանսական ծառայությունների և բանկային ոլորտի, առևտրային, դեղագործական, հեռահաղորդակցության, մասնագիտացված ծառայությունների, արագ սպառման ապրանքների, մեդիա, գովազդային, շահույթ չհետապնդող կազմակերպություններ և այլ որոլտներ ներկայացնող տեղական և միջազգային մոտ հիսուն ընկերություններ: Ընդհանուր տնտեսության ուսումնասիրության հաշվետվության հետ մեկտեղ թողարկվել է ֆինանսական ծառայությունների և բանկային ոլորտի մասնագիտացված հաշվետվություն:

Հաշվետվություններում ընդգրկված է մանրամասն տեղեկատվություն ամսական և տարեկան հաստատուն և տարեկան փոփոխական վարձատրության վերաբերյալ` ընդհանուր տնտեսության մինչև 200 և ֆինանսական ծառայությունների և բանկային ոլորտի ավելի քան 250 պաշտոնների համար:

Ուսումնասիրության արդյունքները պարունակում են նաև դրամական վարձատրության կառուցվածքի և Հայաստանում կիրառվող կադրային քաղաքականության վերաբերյալ բազմակողմանի տեղեկատվություն, այդ թվում` գործուղման, վերապատրաստման, սոցիալական հավելավճարների, աշխատակիցների խթանման, ապահովագրության, կենսաթոշակային ապահովման և այլ խրախուսման միջոցների, աշխատակիցների համալրման և կիրառվող կադրային  քաղաքականության այլ մանրամասների վերաբերյալ:  Ի լրումն, հաշվետվությունում ներկայացված են աշխատակիցների կառավարման ցուցանիշների վերլուծված տվյալներ, որոնք վերաբերում են կազմակերպչական արդյունավետությանը, վարձատրությանը, աշխատակիցների համալրմանը, աշխատակազմի կառավարման գործառույթներին, ընկերությունում աշխատակիցների հարաբերակցությանը և շատ այլ օգտակար տեղեկատվություն Հայաստանում աշխատանքի շուկայի վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ ուսումնասիրության արդյունքները վկայում են Հայաստանի աշխատանքային շուկայում նախորդ տարիներին արձանագրված ընդհանուր միտումների շարունակականության մասին: Ինչպես և նախորդ տարում, ուսումնասիրությանը մասնակցած կազմակերպությունների մեծամասնությունը 2013թ.-ին ևս չեն նախատեսել աշխատակազմի թվի փոփոխություն: Ընկերությունների 36% հայտնել են, որ 2014թ.-ին պատրաստվում են ավելացնել աշխատակիցների թվաքանակը, մինչդեռ աշխատակազմի թվաքանակի կրճատման նպատակների մասին հայտնել են մասնակից ընկերությունների միայն 10%: Համապատասխանաբար` ֆինանսական ծառայությունների և բանկային ոլորտի համանման ցուցանիշները կազմել են 41% և 11%:

Համաձայն հաշվետվության` գնաճի մակարդակը և շուկայական պայմանները հանդիսանում են Հայաստանյան ընկերությունների համար աշխատավարձերի փոփոխման վերաբերյալ որոշումներ կայացնելու համար ամենատարածված կողմնորոշիչները:

Մարդկային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրների շարքում, ըստ 2013թ. մասնակից կազմակերպությունների առաջնային են աշխատանքի արդյունավետության գնահատումը և կառավարումը, կորպորատիվ մշակույթը, աշխատակիցների խրախուսումը և պահպանումը և կադրային քաղաքականության և բիզնեսի ռազմավարության միջև կապը, աշխատակազմի կառավարման ռազմավարական և կազմակերպչական հարցերը:

Աշխատավարձերի և հատուցումների ուսումնասիրությունը, մի շարք այլ ուսումնասիրությունների հետ մեկտեղ EY ընկերության կողմից անց է կացվում ամեն տարի ԱՊՀ գրեթե բոլոր երկրներում: Հարյուրավոր ընկերություններ ներգրավված են  ընդհանուր տնտեսության և առանձին ոլորտների ուսումնասիրություններում (ֆինանսական ծառայությունների և բանկային, ապահովագրական, սպառողական ապրանքների, լոգիստիկայի, դեղագործական, տեղեկատվական տեխնոլոգիաների/ հեռահաղորդակցության և այլ ոլորտների), ինչպես նաև հատուկ հետազոտություններում (շուկայի/ոլորտի առաջնորդներ, ղեկավարության վերին օղակ, օտարերկրյա աշխատակիցներ, տարածաշրջանային ուսումնասիրություններ) և տարբեր տեսակի այլ ուսումնասիրություններում:

Նշենք, որ EY ընկերությունը առաջատար դիրք է գրավում աուդիտորական, հարկային, գործարքների ուղեկցման և խորհրդատվական ծառայությունների համաշխարհային շուկայում. «մեր գիտելիքները և մատուցվող ծառայությունների որակն օգնում են ամրապնդել հասարակության վստահությունը կապիտալի շուկաներում և աշխարհի տարբեր երկրների տնտեսություններում: Մենք կրթում ենք ականավոր առաջնորդների, որոնց ղեկավարության ներքո կատարվում են մեր խոստումները բոլոր շահառուների առջև: Այսպիսով, մենք նշանակալի ներդրում ենք կատարում բարեկեցիկ աշխարհի կառուցման գործում ի շահ մեր աշխատակիցների, մեր հաճախորդների և մեր հասարակության»:

Նախորդ հոդվածը‘Անդրեյ Արեշև. Ադրբեջանի հետ Ռուսաստանի համագործակցությունն իրականում շատ ավելի խորը բնույթ է կրում’
Հաջորդ հոդվածը‘Վիճաբանություն և դանակահարություն Երևանում’