‘FaceԼուր. «Լֆիկի մարդկանց մայրերին պետք է հանել հրապարակ ու պարացնել»’

1886

«Փակ շուկայի» դիմած պարող կանանց տեսանյութը ծանոթներիցս մեկը առաջարկեց նայել՝ գրելով՝ տես, էս հինգ հազար դրամանոց ընտրողներն են:

Նայեցի, «Փակ շուկայի» դիմաց Սամվել Ալեքսանյանի կամ, ինչպես ընդունված է ասել` Լֆիկ Սամոյի տղերքը հայ կանանց էին պարացնում: Ծանոթիս՝ ինձ ուղարկած տեքստի հիմնական թիրախը այդ պարողներն էին: Իսկ նրանք սովորական հայ մարդիկ են, օրվա հացը մի կերպ աշխատող: Նրանց մի մեղադրեք: Նրանք իսկապես իշխող կուսակցության էլեկտորատն են: Նրանք իսկապես Լֆիկի կողմից ճորտացված հայերն են, բայց նրանց մի մեղադրեք: Մի քիչ ուշադիր նայեք այդ պարողների դեմքերին: Այդ շարքի մեջ մի տատիկ կա, մոլորված հայացքով: Նա մի կերպ փորձում է կրկնել իր թևից քաշողների շարժումները: Չգիտեմ, մտածեցի երևի ինչ-որ դեղի կարիք ունի և եկել է դեղի փողը այդպես գտնելու: Գուցե մի ուրիշ պատճառ կա, որ եկել պարում է, գուցե զավակն է հիվանդ, կամ թոռները սոված են:

Իսկ կազմակերպիչները ընտրատեղամասերի մուտքերի մոտ խմբված նույն դեմքերն են, իշխող կուսակցության նույն ներկայացուցիչները:

Երկրի, այսպես կոչված՝ էլիտայի աչքի առաջ Լֆիկ Սամոն ստորացնում է երկրի քաղաքացիներին: Հավատացեք, այդ պարողներից յուրաքանչյուրը կարող է լինել այս երկրի օրինակելի ու արժանապատիվ քաղաքացի: Բայց այդ, այսպես կոչված՝ էլիտան, չի ուզում ունենալ քաղաքացի: Քանի որ, այսպես կոչված՝ էլիտայի, արժեհամակարգի միակ հենասյունը փողն է: Եվ էլիտան քաղաքացիներին հանձնել է Լֆիկին, իսկ Լֆիկի արածն էլ` փողով պարացնելն է: Հասկացանք, որ ի վիճակի չեք բան փոխել երկրում, բայց ինչու՞ եք նվաստացնում մարդկանց: Ընկերս ասում է, դրանց մայրերին պետք է հանել հրապարակ ու պարացնել, որ հասկանան, թե ինչ է նշանակում փողով մարդ պարացնել», «Ֆեյսբուքում» գրում է «Հետք» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլան ցանկանում է գնել Ագուերոյին’