‘Forbes. Ռուսաստանի անշարժ գույքի «արքաներ». Սամվել Կարապետյանը անշարժ գույքի վարձակալությունից ստացել է 720 մլն դոլար’

913

Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի անշարժ գույքի «արքաներ» կոչվող վարկանիշային աղյուսակը, որում ընդգրկված 30 ներկայացուցիչներից 3-ը հայեր են։

Forbes-ի ցուցակը գլխավորում է «Киевская площадь» ընկերությունը, որի սեփականատերերն ադրբեջանցիներ Զարահ Իլիևը և Գոդ Նիսանովն են, որոնց տարեկան եկամուտը վարձավճարներից կազմում է 1.1 մլրդ դոլար։

Երկրորդ տեղում «IKEA Мос» ընկերությունն է, որի սեփականատերն ազգությամբ շվեդ Ինգվար Կամպրադն ու իր ընտանիքն են։

«Տաշիր» հոլդինգի սեփականատեր Սամվել Կարապետյանը 3-րդ հորիզոնականում է։ ՌԴ-ում անշարժ գույքի վարձակալությունից ստացվող նրա տարեկան եկամուտը կազմում է 720 մլն դոլար։ Այս մասին գրում է tert.am-ը:

Սամվել Կարապետյանն անշարժ գույք ունի Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ռեուտովում, Յարոսլավլում, Բելգորոդում, Իվանովոյում, Կալուգայում, Սոչիում, Յալթայում, Վոլոգդայում, Տուլայում, Տվերում, Սմոլենսկում, Երևանում և այլուր։

Նրա ամենամեծ օբյեկտներն են Մոսկվայում գտնվող «ՌԻՈ» առևտրի կենտրոնը՝ 300.000 քմ տարածքով, և «Երևան պլազա»-ն՝ 80.000 քմ տարածքով։

Սամվել Կարապետյանն առաջին գումարը վաստակել է Հայաստանում՝ 1990-ականների սկզբին, ապա տեղափոխվել է Կալուգա, որտեղ զբաղվել է մեծածախ առևտրով և տեքստիլի արտադրությամբ։

Ցուցակի 25-րդ տեղն է զբաղեցրել Դանիլ Խաչատուրովը, ով «Լեգիոն դեվելոփմենթ» ընկերության սեփականատերն է։ Վարձավճարներից նրա տարեկան եկամուտը 80 մլն դոլար է։ Գործունեություն է ծավալում Մոսկվայում։

Խոշոր օբյեկտներն են՝ բազմաֆունկցիոնալ համալիրներ «Լեգիոն I» և «Լեգիոն III»-ը՝ ընդհանուր 130.000 քմ տարածքով։

Սկզբում զբաղվել է արժեթղթերի առքուվաճառքով, աշխատել է «Սլավնավթ»-ում, մասնակցել է «Ռոսգոսստրախ» -ի մասնավորեցմանը, որի գլխավոր տնօրեն է դարձել 2004 թ.-ին։ «Ռոսգոստրախ» բանկի համասեփականատեր է։

26-րդ տեղը զբաղեցրել է Գագիկ Ադիբեկյանը։ Վարձավճարներից նրա տարեկան եկամուտը 70 մլն դոլար է։ Գործում է Մոսկվայում։

Խոշոր օբյեկտներն են «Ռոմանով դվոր» (43.500 քմ) և «Վրեմենա գոդա» (64.000 քմ) բիզնես կենտրոնները։

RD group-ի սեփականատեր Գագիկ Ադիբեկյանը մոսկովյան շուկայի ամենահանելուկային ֆիգուրն է։ 1997թ.-ին նա վերանորոգել է Մոսկվայի կենտրոնում գտնվող «Ռոմանով դվոր» բիզնես կենտրոնը։ Թե ինչով է զբաղվել մինչ այդ, անհայտ է։

RD Group-ը 2012 թ.-ին ձեռք է բերել «Վրեմենա գոդա» առևտրի կենտրոնի 40%-ը և այժմ, մամուլի տվյալներով, բանակցություններ է վարում մյուս 60%-ի գնման շուրջ։

Նախորդ հոդվածը‘Հարավային Աֆրիկայում երկու գնացք է բախվել. Կան տասնյակ տուժածներ’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանություն. Հայաստանն ընդգրկվեց 10-րդ խմբում’