‘Foreign Policy Journal. Եվրոպան պարտվում է Ռուսաստանի հետ ազդեցության ճակատամարտում’

1580

Կիև, Ուկրաինա — Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անակնկալ հայտարարեց, թե իր երկիրը ցանկանում է միանալ Ռուսաստանի առաջնորդած Եվրասիական մաքսային միությանը: Այս որոշումը քաղաքականության կտրուկ շրջադարձ էր, որը Եվրոպայում շատերին անակնկալի բերեց: Հայաստանի ընտրությունը, թեև այն տնտեսապես կողմերի համար քիչ ներմուծում է ապահովում, խորհրդանշական մեծ նշանակություն ունի Ռուսաստանի և Եվրոպական Միության միջև ազդեցության համար մղվող պայքարում:

Նոր նվաճում Մոսկվայի համար

Հայաստանի որոշումը շոկի մեջ գցեց Բրյուսելին: Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտն այն անվանեց շրջադարձ: Հայաստանը վերջերս Ռուսաստանին սառնության նշան էր արել՝ արհամարհելով Ռուսաստանի առաջնորդած ՀԱՊԿ-ի և Եվրասիական տնտեսական միության ամենավերջին հանդիպումները: Մինչ դիվանագետների ամառային հանգիստը, Հայաստանն ավարտել էր նաև խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի շուրջ (DCFTA) ԵՄ-ի հետ բանակցությունների 6-րդ ռաունդը: Արևելյան գործընկերության՝ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովը պետք է ֆորմալ տեսք տար դրան:

Արձագանքելով ԵՄ-ի հետ գործընթացի նշաններին՝ Ռուսաստանն անմիջապես հասկանալի դարձրեց անհնազանդության հետևանքները: Մոսկվան սպառնաց 60%-ով բարձրացնել Հայաստանի գազի գինը: Ռուսաստանը նաև զենք արտահանեց հարևան Ադրբեջան (հուլիսի դրությամբ՝ 1 միլիարդ դոլարի), որի հետ Հայաստանը սառեցված հարաբերություններ ունի 6-ամյա արյունալի տարածքային հակամարտությունից հետո, որը հարաբերական խաղաղությամբ ավարտվել է 1994-ին:

Այս կոնֆլիկտայնությունը մեծապես սիմվոլիկ է՝ համեմատած այն ավերածությունների հետ, որը Ռուսաստանը կարող էր բերել Հայաստանի փոքր տնտեսությանը, որը, համաձայն Ֆորբսի 2011-ի ցուցակի, աշխարհում երկրորդ ամենավատ տնտեսությունն է: Ռուսաստանը Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերն ու արտերկրյա ներդրողն է (նախորդ տարվա տվյալներով՝ 1.2 միլիարդ դոլար առևտրաշրջանառություն և 3 միլիարդ դոլարի ներդրումներ): Չնայած Հայաստանի տնտեսության զարհուելի վիճակին՝ առևտուրը շարունակում է աճել՝ նախորդ տարի հասնելով 22%-ի: Ռուսաստանի հետ նման հզոր կապերով կապված լինելով՝ կասկածելի է թվում, թե Հայաստանը կարող է իսկապես հեռացնել իրեն Ռուսաստանի ուղեծրից:

Ճակատագրի հեգնանքով՝ պարզ չէ, որ Հայաստանը Ռուսաստանի մաքսային միությունից ստանալու շատ բան ունի: Երկիրը սահման չունի միության որևէ անդամի հետ, իսկ դրա երկու ամենակարևոր հարևանները՝ Վրաստանը և Թուրքիան, Արևմուտքի դաշնակիցներն են: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և ԵՄ-ի հետ բանակցությունների մեջ է տասնամյակից ավելի, իսկ Վրաստանն իրեն դրսևորում է կովկասյան տարածաշրջանի Իսրայելի ոճում:

Վերջապես, կասկածելի է թվում, թե այդ երկրի անդամությունը Ռուսաստանի առաջնորդած առևտրային բլոկին դրական ազդեցություն է ունենալու Հայաստանի տնտեսության մոդեռնիզացիայի գործում: Ռուսաստանի մաքսային միությունը բնակեցված է Պուտինի կլաններով՝ խիստ կոռումպացված տնտեսություններ՝ էներգիայի և հումքի արտահանման հակումներով: Մյուս կողմից, ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիրը ցավոտ է, բայց բարեփոխումներ խթանելու առավելություն ունի: Եվրոպայի հետ ազատ առևտրի առավելությունները բերում են նաև պատնեշներ, որոնք անհրաժեշտ է հաղթահարել, մասնավորապես՝ ներքին շուկայում խիստ մրցակցությունը և ԵՄ-ում ապրանքների վաճառքի համար ավելի բարձր ստանդարտները: Երկարաժամկետ հեռանկարում այս ամենը խորապես օգտակար է տնտեսությունների համար. աղքատ ընկերությունները կփրկվեն և կբարգավաճեն նոր շուկաներում:

Գլխավոր մրցանակը

Մոսկվայի համար Հայաստանը և հարավային Կովկասի նախկին խորհրդային փոքր երկրները և արևելյան Եվրոպայի ռեգիոնները հիմնականում աշխարհաքաղաքական նշանակություն ունեն: Որևէ մեկը կասկած չունի Ռուսաստանի գլխավոր մրցանակի մասին. հավերժ խուսափող Ուկրաինա: Ուկրաինայում ազդեցության պահպանումը միշտ եղել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը: Բացի հսկայական տնտեսական հետաքրքրությունից, որն ունի ավելի քան 45 միլիոն բնակչությամբ այս երկիրը, Ռուսաստանն Ուկրաինային տեսնում է որպես իր ինքնության մի կարևոր մաս՝ բարդ պատմական պատճառներով, նկատի ունենալով, որ դրա եվրոպականացումը գոյապահպանության վտանգ է ներկայացնում:

Հակառակ մտրակի և բլիթի ազդեցիկ խառնուրդին՝ Ուկրաինան իր անկախությունից ի վեր հաստատակամորեն շարժվել է դեպի Արևմուտք: Ռուսաստանի սոցիո-տնտեսական մոդելը և ներկայիս հետագիծը սահմանափակում է դրա ավանդական մեղմ իշխանության պոտենցիալն իր ամենամեծ հարևան երկրում: Ուկրաինայի հետ, ավելի, քան մյուս նախկին խորհրդային երկրների հետ, Ռուսաստանը պետք է ուժգնորեն հենվի ազգային միֆերի ու մետանյութերի կառուցման վրա, որպեսզի ընդհանուր ճակատագրի շուրջ Ուկրաինան կապի մայր Ռուսաստանի հետ: Նույնիսկ  անկախությունից երկու տասնամյակ անց Ռուսաստանն ահռելի մշակութային ազդեցություն է պահպանում այս երկրում, որի գործնականում բոլոր բնակիչներն առնվազն ոչ ֆորմալ տիրապետում են ռուսերենին:

Նոյեմբերի մոտենալուն զուգընթաց՝ խաղադրույքները բարձր են Ռուսաստանի համար: Հույս կա, որ Ուկրաինան ԵՄ-ի հետ կստորագրի և՛ ասոցացման համաձայնագիրը, և՛ DCFTA-ն, եթե երկու կողմերը կարողանան հարթել իրենց տարաձայնությունները: Մոսկվան սկսել է խուճապի մատնվել, միմյանց հաջորդող սպառնալիքներն ու կաշառելու փորձերը վերջին հուսահատ քայլն են համոզել կամ ճնշել երկրին՝ վերադառնալ իր աշխարհաքաղաքական ուղեծիր: Օգոստոսի կեսերին Ռուսաստանը փակել է Ուկրաինայից գրեթե բոլոր սահմանային հոսքերը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր առևտրային խորհրդատու Սերգեյ Գլազևը կասկածի համար քիչ տեղ է թողել՝ ասելով. «Մենք պատրաստվում ենք խստացնել մաքսային ընթացակարգերը, եթե Ուկրաինան անի այս ինքնասպան քայլը՝ ստորագրելով ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը»:

Վերջերս, սակայն, թվում է, թե Կրեմլը փոխել է մոտեցումը: Համաձայն ռուսական «Կոմերսանտ» թերթի՝ պարոն Գլազևը շատ բացահայտ ֆինանսական առաջարկ է արել Ուկրաինային՝ ասելով, թե երկիրը «տարեկան կշահի 11-12 միլիարդ դոլար, եթե մասնակցի Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին»: Պարոն Գլազևն ավելացրել է, թե գազի և նավթի տուրքերի վերացումն Ուկրաինային կտա ևս 8 միլիարդ դոլար:

Մինչև վերջերս Ռուսաստանը ավելի հանգիստ էր՝ կարծելով, թե Եվրոպան չի ստորագրի համաձայնագիրը: Աստիճանաբար պարզ դարձավ, որ Ուկրաինան կարող է անել վճռորոշ քայլը, որով էլ բացատրվում խուճապը, որն ընդգծվեց Ռուսաստանի վերջին շրջանի քաղաքականությունում: Բարեբախտաբար, Ռուսաստանի անկայուն տակտիկան չի թվում, թե աշխատում է՝ Ուկրաինային ավելի հրելով դեպի Արևմուտք: Հակառակ այս խոստումնալից զարգացումներին՝ թվում է, թե նոյեմբերի մոտենալուն զուգընթաց Եվրոպան տատանվում է:

Անգելա Մերկելն առաջնորդում է փոքր, բայց ազդեցիկ փոքրամասնություն՝ պնդելով, որ Ուկրաինան վերցնի նախաձեռնությունը և ավելի ու ավելի խորհրդանշական քայլեր անի, մասնավորապես, ազատ արձակի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին: Կանցլեր Մերկելը ճիշտ է՝ ճեղքում պահանջելով Եվրոպայի և Ուկրաինայի միջև վերջին տասնամյակում եղած անարդյունավետ հարաբերություններում: Սակայն նրա մոտեցումը կարող է հանգեցնել դատարկ հաղթանակի, և Տիմոշենկային ազատ արձակելու՝ Եվրոպայի համառությունը հանգեցրել է շատ այլ պահանջների էական մեղմացմանը:

Նոյեմբերը պետք չէ ընդունել որպես Ուկրաինայի կողմից ԵՄ-ի բոլոր պահանջները կատարելու բացարձակ վերջնաժամկետ: Չնայած երբեմն անկայուն արտաքին քաղաքականությանը՝ Ուկրաինան հստակորեն ամրագրել է իր երկարաժամկետ ռազմավարական նպատակները դեպի ԵՄ: Սա ինքնին պետք է բավարար լինի Եվրոպայից բանակցությունների ուժեղ հիմքի արժանանալու համար: Դա Ուկրաինային պինդ կկապի Արևմուտքում և կապահովի ապագա համագործակցության զարգացման շրջանակը: Թեև այդ մերձեցումը Պուտինի համար կլիներ կարևոր ռազմավարական հարված, բայց ավելի կարևոր է, որ այն իրենից ներկայացնում է եվրոպական նորմերի և ռուսական քաղաքա-տնտեսական մոդելի (ուժգնորեն համեմված կլանային կապիտալիզմով և ավտորիտար քաղաքականությամբ) միջև կիսված երկրում իմաստալից բարեփոխումների ամենակիրառական տարբերակը:

Մ. Սմիթ

Foreign Policy Journal

Թարգմանությունը՝ iLur.am-ի  

Նախորդ հոդվածը‘Միջոցառում Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցչությունում’
Հաջորդ հոդվածը‘Կրթաթոշակային ծրագիր Չեխիայում’