‘Global Gold-ը կմիաձուլվի ավստրալական Signature Gold Limited Australia-ի հետ ‘

837

Global Gold Corporation (GBGD) հաղորդել է, որ նոյեմբերի 22-ին Global Gold Consolidated Resources Limited (GGCRL) համատեղ ձեռնարկությունը, որը ներառում է Global Gold և Consolidated Resources Armenia, «Պաշտոնապես միաձուլման և բաժնետոմսերի վաճառքի շուրջ» պայմանագիր է կնքել Սիդնեյի Signature Gold Limited Australia (Signature) հետ: Պայմանագիրը նախատեսում է ոսկու արդյունահանման հայկական և ավստրալական նախագծերի միավորում: Այդ նախագիծը կկոչվի Global Signature Gold, որի բաժնետոմսերը կգնանշվեն Ավստրալիայի ֆոնդային բորսայում: Պայմանագիրը պետք է հաստատվի համապատասխան խորհրդի կողմից, արժանանա կարգավորող մարմինների հավանությանը և երրորդ անձի համաձայնությանը:

Գործարքի արդյունքւոմ GGCRL կստանա 80 մլն ավստրալական դոլար`  Signature ընկերության  487,439,023 բաժնետոմսերի տեսքով, ինչպես նաև մոտ 8 մլն`  կանխիկ միջոցների կամ բաժնետոմսերի տեսքով`  պարտքը մարելու նպատակով: 15 մլն ավստրալական դոլար կտրամադրվի Signature ընկերությանը`  որպես փոխհատուցում: Global Gold-ը կտնօրինի բաժնետերերի սեփականություն  հանդիսացող բաժնետոմսերի առնվազն 75%-ը: GGCRL համատեղ ձեռնարկությունը և կից համաձայնագրերը իրենց գործողությունը կդադարեցնեն  գործարքի կնքումից անմիջապես հետո: Վան Գրիգորյանը կդառնա Global Signature Gold վերանվանված ընկերության գործադիր տնօրեն, իսկ Բրետ Բոյնթոնը` գլխավոր տնօրեն:

Հիշեցնենք, որ Հայաստանում ընկերության գործունեությունն ուղեկցվել է մի շարք պատմություններով, որոնցից մեկն առնչվում է խորհրդարանի պատգամավոր Վարդան Այվազյանին: Ընկերությունը Նյուր Յորքի դատարան հայց էր ներկայացրել այն առնչությամբ, որ 2006 թվականին, լինելով բնապահպանության նախարար, Այվազյանը 3 մլն դոլարի կաշառք էր պահանջել ընկերությունից: Մերժելով այդ պահանջը`  ընկերությունը զրկվել էր Հանքավանի հանքավայրի մշակման լիցենզիայից՝ դրանով իսկ, ինպես պնդում է «Գլոբալ Գոլդ Մայնինգը», կրելով 27 մլն դոլարի վնաս: Այն ժամանակ ընկերությունը Հայաստանի կառավարությանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը տեղեկացրել էր ստեղծված իրավիճակի մասին, սակայն լիցենզիան այդպես էլ չէր վերականգնվել:

Նշենք, որ GGC զբաղվում է երկրաբանական հետախուզմամբ և ոսկու արդյունահանմամբ և հանքավայրեր ունի Հայաստանում, Չիլիում և Կանադայում: GGC բաժնետոմսերը գնանշվում են GBDD խորհրդանիշի ներքո`  արտաբորսայական ֆոնդային շուկայում (OTC Bulletin Board): Ընկերությունն ստեղծվել է 1980 թվականին որպես Triad Energy Corporation և 1995 թվականին վերանվանվել է Global Gold Corporation: Ընկերության կենտրոնակայանը գտնվում է Գրինվիչում (Քոնեքթիքուտ): Հայաստանում GGC հիմնականում իր ջանքերը կենտրոնացրել է Թուխմանուկի ոսկու հանքավայրում հետազոտությունների և ոսկու արդյունահանման, Մարջանի ոսկու հանքավայրի հետազոտման և հորատման շուրջ: Խոշոր բաժնետերերն են  Firebird Management, Farallon Capita ներդրումային հիմնադրամներն ու մենեջմենթ ընկերությունները: 

Նախորդ հոդվածը‘Բռնաբարության փորձ Մոսկվա-Երևան օդանավում. Ոստիկանություն’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունն ընդդեմ ընդդիմադիրների. Դատական նիստեր’