‘HRW. Երևանի հուլիսյան ցույցերից մեկ տարի անց բռնության զոհերը դեռ սպասում են արդարության’

4475

Human Rights Watch-ը (HRW) հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողացել լիարժեք հաշվետվություն տրամադրել ոստիկանության կողմից, հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության բնորոշմամբ՝ «մեծ մասամբ խաղաղ ցուցարարների և լրագրողների դեմ» անցած տարի հուլիսին իրականացված բռնությունների վերաբերյալ:

Հուլիսի 30-ի հաղորդագրությունում, ինչպես փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը, Human Rights Watch-ը նաև նշել է, որ անցյալ տարվա ընթացքում առնվազն 32 ցուցարարների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, որոնցից 21-ը դատապարտվել են, 11-ը ` ազատազրկվել:

«Երևանի հուլիսյան ցույցերից մեկ տարի անց ոստիկանական բռնության զոհերը դեռևս սպասում են արդարության և հաշվետվողականության», — հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Human Rights Watch-ի տնօրեն Գիորգի Գոգիան՝ հավելելով․ — «Հանրության վստահությունը ոստիկանության և արդարադատության համակարգի նկատմամբ խիստ խաթարված է, և արդյունավետ հաշվետվողականության գործընթացը անհրաժեշտ է այն վերադարձնելու համար»:

Հիշեցնենք, 2016 թվականի հուլիսի 29-ի երեկոյան Երևանի Ազատության հրապարակից մեկնարկած խաղաղ ցուցարարների երթը Սարի Թաղում և Խորենացի փողոցում բախվեց ոստիկանների ու նրանց թիկունքից գործող քաղաքացիական հագուստով անձանց հետ: Ի պաշտպանություն Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անցկացվող հերթական ցույցը ցրելու համար հատուկ միջոցներ գործադրվեցին, հարձակման ենթարկվեցին նաև այդ իրադարձությունները լուսաբանող լրագրողները: Տուժեցին հարյուրավոր քաղաքացիներ և շուրջ երեք տասնյակ լրագրողներ, բերման ենթարկվեց մոտ 200 քաղաքացի։

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը վերադարձել է խաղադաշտ’
Հաջորդ հոդվածը‘ՔԿ. Զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով զինվոր է մահացել’