‘Human Rights Watch-ը դատապարտում է ՌԴ իշխանությունների վերաբերմունքը միգրանտների նկատմամբ’

766

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը  դատապարտում է Ռուսաստանի իշխանությունների կողմից վերջին շրջանում միգրանտների զանգվածային ձերբակալությունների, ռասայական խտրականության, անօրինական կալանավորումների եւ անմարդկային պայմաններում պահելու դեպքերը: 

«Ռուսաստանը պետք է անմիջապես դադարեցնի միգրանտների կամայական կալանավորումն ու նվաստացնող վերաբերմունքը վերջիններիս նկատմամբ», — օրերս արած հայտարարության մեջ նշում է կազմակերպությունը:

Jfhr.am-ը հիշեցնում է, որ 2013թ-ի հուլիսի վերջին Մոսկվայի ոստիկանությունը մայրաքաղաքում մասշտաբային գործողություններ էր սկսել ընդդեմ «ապօրինի» միգրացիայի՝ շուրջկալ կազմակերպելով փողոցային շուկաներում և միգրանտների կուտակման այլ վայրերում, ձերբակալելով մարդկանց հիմնականում իրենց ոչ սլավոնական արտաքինի պատճառով:

Ըստ տարբեր տվյալների, ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ձերբակալվել է  4000 մարդուց ավելի, որոնց թվում էին Վիետնամի, Սիրիայի, Աֆղանստանի, Եգիպտոսի, Մարոկկոյի, Ղրղզստանի, Հայաստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի քաղաքացիներ:

«Այս խոշոր, հակամիգրացիոն գործողությունների բոլոր կողմերը հակասում են Ռուսաստանի միջազգային-իրավական պարտավորություններին»,- նշել է Human Rights Watch-ի Մոսկվայի գրասենյակի ղեկավար Տանյա Լոկշինան՝ հավելելով, որ իրավախորհրդատուի մուտքը բացառող երկարատև կալանավորումը, որն արվել է ակնհայտ էթնիկ դրդապատճառներով, անմարդկային պայմանները պիտի անմիջապես դադարեցվեն:

Նախորդ հոդվածը‘ԿԽՄԿ Բաքվի գրասենյակ. Հայ ռազմագերուն կհանդիպենք, երբ ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվեն’
Հաջորդ հոդվածը‘ՃՈ տեսուչն ազատվել է աշխատանքից վարորդի դիմումի հիման վրա’