‘Human Rights Watch-ը հրատապ նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին’

1360

Human Rights Watch կազմակերպությունը հրատապ նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ Մատաղիսի գործի վերաբերյալ: Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ`  ոչ պաշտոնական թարգմանությամբ: Նամակն անգլերեն բնագրով կարելի է կարդալ այստեղ:

Գրում ենք Ձեզ՝ արտահայտելու մեր խորին մտահոգությունը 2003 թ. իրենց համածառայակիցների սպանության մեջ մեղադրվող Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի նկատմամբ խոշտանգումների, դաժան և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ պնդումների առնչությամբ արդյունավետ քննության չիրականացնելու վերաբերյալ: Հորդորում ենք Ձեզ, որ առանց հապաղելու արդյունավետ քննություն իրականացնեք խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ արժանահավատ պնդումների առնչությամբ: Հաշվի առնելով, որ բռնությունների ներքո արված խոստովանությունը դեռևս մեղադրյալների նկատմամբ առաջադրված մեղադրանքի հիմնական ապացույցն է, մենք նաև կոչ ենք անում դատախազությանը կասեցնել մեղադրանքը, քանի դեռ այդ քննությունը չի իրականացվել:

2005 թ. մայիսի 13-ին Սյունիքի մարզի դատարանը Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին և Արայիկ Զալյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ իրենց ծառայակիցների սպանության մեղադրանքով:  2006 թ. մայիսի 30-ին Վերաքննիչ դատարանը պատիժը փոխե է ցմահ ազատազրկման: Սակայն 2006 թ. դեկտեմբերին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել է վերաքննության և պահանջել ազատել մեղադրյալներին:

Ինչպես հասկանում ենք դատախազությունըշարունակել է մեղադրանք ներկայացնել Սարգսյանին, Սերոբյանին և Զալյանին և 2008 թ. գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան: Նաև ինչպես հասկանում ենք՝ ո՛չ դատարանները, ո՛չ էլ դատախազությունը խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ այս լուրջ պնդումների առնչությամբ անկախ, հրատապ, ամբողջական  և արդյունավետ քննություն չեն իրականացրել:

2008 թ. մայիսին Շիրակի մարզի դատարանը նույն գործով նոր դատաքննություն է սկսել Սարգսյանի, Սերոբյանի և Զալյանի դեմ, այս անգամ մեղադրելով ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեջ՝ որը հանգեցրել ՝ երկու զինծառայողների մահվան:  Սա երկրորդ անգամն է, որ նրանց նկատմամբ դատաքննություն է իրականացվում նույն միջադեպի վերաբերյալ:

Առանց մեղադրյալների անմեղության կամմեղավորության վերաբերյալ որևէ դիրքորոշում ունենալու՝ մենք խորապես մտահոգված ենք, որ նոր մեղադրանքները կրկին մեծամասամբ հիմնված են մեղադրյալներից մեկի՝ Ռազմիկ Սարգսյանի խոստովանական ցուցմունքի վրա: Բավական հիմքեր կան հավատալու, որ խոստովանական ցուցմունքը տրվել է խոշտանգումների և դաժան ու անմարդկային վերաբերմունքի ենթարկվելուց հետո: Սարգսյանը նախ հայտնել է իր փաստաբանին և ապա դատարանին, որ երբ առաջին անգամ 2004 թ. ապրիլի 19-ին հարցաքննվել է որպես վկա, նա մի քանի օր շարունակ զինվորական դատախազության քննիչների կողմից ենթարկվել է դաժան ծեծի և հոգեբանական ճնշումների, որի արդյունքում խոստովանական ցուցմունք է տվել, որ կատարել է հանցագործությունը և որպես հանցակից նշել է Սերոբյանին և Զալյանին: Սարգսյանը հայտնում է, որ քննիչները ձեռքերը ետևում կապելով ձեռնաշղթաներ են հագցրել իրեն և այդ դիրքով ծեծի ենթարկել: Նրանք նաև սպառնացել են, որ կբռնաբարեն իրեն: խոստովանության տեսագրության մեջ Սագսյանի դեմքն ուռած է և կապտած, որը հստակ վկայում է, որ նա խոստովանությունից առաջ վատ վերաբերմունքի է ենթարկվել:

Հետագայում նախաքննության և դատաքննության ընթացքում Սարգսյանը պնդել է իր անմեղությունն՝ ասելով, որ իրենստիպել են ինքնախոստովանական ցուցմունք տալ ֆիզիկական և հոգեբանական ճնշումների ներքո: Մյուս մեղադրյալները՝ Սերոբյանը և Զալյանը նույնպես Սյունիքի մարզի դատարանում առաջին դատաքննության ժամանակ հայտնել են, որ քննիչների կողմից խոշտանգումների են ենթարկվել հարցաքննությունների ժամանակ և երբեք իրենց մեղավոր չեն ճանաչել:

Սյունիքի մարզի դատարանը հաշվի չի առել պաշտպանական կողմի միջնորդությունները, որոնք ներկայացվել են խոշտանգումների վերաբերյալ բողոքները հիմնավորելու համար: Օրինակ՝ դատարանը մերժել է պաշտպանի միջնորդությունները զննելու այն սենյակի հատակը որտեղ նրանք հարցաքննվել են: Ըստ պաշտպանական կողմի՝ Սարգսյանին, Սերոբյանին և Զալյանին խոշտանգումների ենթարկելու հետևանքով հատակին արյան հետքեր կան: Դատարանը նաև հրաժարվել է զննել բժշկական փաստաթղթերը, որոնք ձեռք են բերվել այն հիվանդանոցից, որտեղ Սարգսյանը տարվել է հացադուլի ընթացքում: Փաստաթղթերում նշված են բազմաթիվ առողջական խնդիրների մասին, որոնց մի մասը ծեծի արդյունք են հանդիսանում:

Միջազգային համաձայնագրերը, որոնց կողմ է հանդիսանում նաև Հայաստանը, ներառյալ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը և խոշտանգումների և այլ դաժան անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան, պահանջում են  խոշտանգումների կիրառման միջազգային և բացարձակ արգելքի պահպանում: Այս համաձայնագրերը նաև շեշտում են, որ խոշտանգումների ներքո արված հայտարարությունները չեն կարող վկայակոչվել որպես ապացույց՝ բացառությամբ խոշտանգումներ իրականացնող անձի դեմ: Միջազգային իրավունքը նաև պարտավորեցնում է երկրներին երաշխավորել մեղադրյալների արդար դատաքննության իրավունքը և ապահովել, որ քրեական վարույթն իրականացվի ըստ համապատասխան հիմնարար ընթացակարգերի: Այս չափանիշների չպահպանելը Հայաստանի միջազգային պարտավորությունների լուրջ խախտում կլինի:

Հյուման Րայթս Ուոչը հավատում է, որ հաշվի առնելով այս գործում առկա խոշտանգումների վերաբերյալ հավաստի պնդումները և Հայաստանի պարտավորությունները, շատ կարևոր է, որ խոշտանգուների առնչությամբ շտապ և ամբողջական քննություն իրականացվի և մեղադրանքը կասեցվի մինչև քննության ավարտը:

Շնորհակալություն այս հրատապ խնդրի վերաբերյալ Ձեր ուշադրության համար

Անկեղծորեն

Րեյչլ Դենբեր

Հյուման Րայթս Ուոչի

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի  բաժնի փոխտնօրեն

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետի դատավոր որդին շատ գումար ունի, քիչ եկամուտ ‘
Հաջորդ հոդվածը‘Անցած երկուշաբթին կարող է Իրաքի ամենաարյունալի օրերից մեկը դառնալ’