‘iLur Բլոգ. Խորը եւ համապարփակ մաքսային կրքեր ‘

1922

Ռաֆայել Թեյմուրազյան

Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը բոլորիս Մոսկվայից իրազեկեց մեր երկրի՝ Ռուսաստանի բստրած Մաքսային միություն (ՄՄ) մտնելու մասին: Լուրը, այսպես ասենք, այնքան էլ մեծ խանդավառությամբ չընդունվեց Հայաստանում:

Թերևս քչերն իրապես գիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում ՄՄ-ն, բայց հստակ գիտենք, որ դա Ռուսաստանի նախաձեռնություն է, որ դրա անդամ են ավտորիտար, հետամնաց, կիսափտած տնտեսություններով մի քանի երկիր, որոնցից ոչ մեկի հետ Հայաստանն ընդհանուր սահման չունի: Գիտենք նաև, որ դա մի բան է, որն անհամատեղելի է մեկ այլ բանի հետ: Թեև այս երկրորդ բանի մասին էլ հասարակությունն առանձնապես տեղեկացված չէ, բայց հայտնի է, որ այս մի բանի նախաձեռնողն էլ Եվրամիությունն է, ով առաջարկում է ասոցացվել ու ազատ առևտուր անել:

Բնական է, որ ՀՀ քաղաքացիներից շատերի համար Եվրոպայի հետ թեկուզ և անորոշ ասոցացումը նախընտրելի է՝ ավտորիտար կառավարման համակարգով և կոռուպցախեղդ եղած Ռուսաստանի հետ ամեն տեսակ առնչություններից:

Քարոզչական մեքենան, բնականաբար, շրջանցում է հարցերը, թե ինչո՞ւ պիտի Հայաստանն այն օրն ընկներ, որ որևէ այլ երկիր ուզած որոշումը պարտադրեր, թե ինչո՞ւ էր նման վիճակում գտնվող երկիրը տարիներ շարունակ բանակցում մի բանի շուրջ, որի տակից դուրս գալ չէր կարողանալու, ինչո՞ւ արտաքին քաղաքականության հերթական խայտառակ ձախողումից հետո ոչ ոք՝ ո՛չ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը, ո՛չ արգործնախարարը, ո՛չ էլ այդ նախարարության մի վարչության պետի տեղակալի խորհրդատու անգամ պատասխանատվության չի ենթարկվում… :

Փոխարենը քարոզչամեքենային կարծեք թե առայժմ հաջողվում է ՄՄ մտնելու որոշման դեմ ցասումը Սերժ Սարգսյանից ու իր գլխավորած կառավարությունից տեղափոխել ՄՄ-ի նախաձեռնող կողմի՝ Ռուսաստանի, դրա ղեկավար Վլադիմիր Պուտինի և… Հայաստանի ընդդիմության ուղղությամբ: Ասելիքը մոտավորապես հետևյալն է. Պուտինը վատն է, կորչի՛ Պուտինը (այ, որ նրա փոխարեն մի բարի մարդ լիներ, Հայաստանին նման վիճակի մեջ չէր դնի), Հայաստանում ընդդիմություն չկա, կորչի՛ ՀԱԿ-ը (այ, որ ընդդիմություն լիներ, չէր թողնի, որ նման բան պատահեր), բոլորը ռուսամետ են կամ Ռուսաստանի գործակալ (բա ինչի՞ Լևոնը Պուտինին չքննադատեց)…

Ու արի ու տես, որ այդ նույն մարդկանց կողմից Սերժ Սարգսյանը, ով ի պաշտոնե պարտավոր է ապահովել ՀՀ ինքնիշխանությունը՝ անկախ այլ երկրների ղեկավարների չար կամ բարի լինելուց և անկախ երկրի ներսում ինչ-որ գործակալների առկայությունից, ոչ մի բանում չի մեղադրվում:

Լավ, իսկ ի՞նչ պիտի աներ ընդդիմությունը, որ չի անում: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը թեմային իր անդրադարձում կատարվածը որակել էր՝ ավելի նվաստացուցիչ, քան Բաթումի պայմանագիրը: Տեր-Պետրոսյանն ընդգծել էր նաև, որ չպետք է լինել հակաամերիկյան կամ հակառուսական՝ միաժամանակ կուսակցության ղեկավար մարմնին առաջարկելով հրապարակային հայտարարություններում չհայհոյել Պուտինին, Էրդողանին, Ալիևին…: Թվում է, թե ամեն բան վիրավորվելու աստիճանի պարզ է ասվել, բայց առաջին նախագահի զգուշավորությունը ոմանց սրտով չէր:

Դատելով որոշ արձագանքներից՝ ակնկալվում էր, որ ՀԱԿ-ը ևս պետք է լծվեր ՄՄ-ն և Պուտինին քննադատելու դատարկ և վնասակար գործին՝ նպաստելով Սերժ Սարգսյանի իշխանության ամրապնդմանը:

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի տնտեսական և քաղաքական ազդեցությունը չափազանց մեծ է Հայաստանում: Որևէ լուրջ քաղաքական ուժ չի կարող հաշվի չնստել այս իրողության հետ: Իրավիճակն ինքն է ստիպում զգուշավոր լինել և չանել որևէ կտրուկ շարժում, ինչը կարող է վերջնականապես ջախջախել ամեն ինչ:

Բարդ հաշվարկների կարիք չկա՝ հասկանալու համար, որ քննադատության սլաքը Պուտինի ուղղությամբ տեղափոխելը ոչ միայն չի կարող որևէ կերպ ազդել ՄՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի վրա, այլև ամրապնդելու է Սերժ Սարգսյանի իշխանությունը՝ մեզ նորանոր խայտառակ ձախողումներ «պարգևելու» հեռանկարով: Ըստ այդմ՝ քաղաքականությունը շշպռիչ կամ պոռոտախոս հայտարարություններ անելու հետ շփոթողները լավագույն դեպքում գործում են հանկարծական մղումով, վատագույն դեպքում՝ Սերժի սիրույն՝ դրանից բխող հետևանքներով:

Հեղինակի մյուս նյութերը

«Բլոգ» բաժնի մյուս նյութերը և հեղինակները

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի փոխնախագահները հանդիպել են ազատամարտիկներին’
Հաջորդ հոդվածը‘Ինչ է տեղի ունեցել Սյունիքում. «Ժառանգություն» կուսակցության հաղորդագրությունը և սահմանապահների արձագանքը’