‘iLur բլոգ. Պարտքի զգացում նախևառաջ ներկայի առջև, նոր միայն` անցյալի’

2258

Սեդա Մեսրոպյան
«Բոլորին են ծանոթ բռնագաղթի սահմռկեցուցիչ տեսարանները. մի քանի հարյուր կամ մի քանի հազար տեղահանվածների քարավանը հարյուրավոր կիլոմետրեր քշում տանում են… մեկ-մեկուկես տասնյակ «ասկյարներ»` նրանց ենթարկելով ստորացումների, բռնաբարությունների, թալանի, սպանությունների։ Հասկանալի զգացումներն ունենալուց հետո, այնուամենայնիվ, մի հարց է առաջանում. ի տես այս ամենի՝ բռնագաղթվողները օրեր ու շաբաթներ շարունակ հլու-հնազանդ ենթարկվում են ընդամենը մեկ-մեկուկես տասնյակ «ասկյարների»։  Ինչո՞ւ այս մի քանի հազար մարդը, թեկուզ անզեն, չի հարձակվում և վնասազերծում իրենց ստույգ մահվան քշողներին»։

Սա հատված է iLur-ի սեպտեմբերի 24-ի խմբագրականից:

Մկրտիչ Խերանյանը՝ պապս, իր «Երկար, երկար մի ճանապարհ» վեպում նկարագրում է գաղթի ճանապարհը, ու էդ նկարագրությունից մի դրվագ է տպվել ուղեղումս` թե ինչպես են ճամփեզրին թողնում իրենց ծեր հորաքրոջը, որն այլևս ի վիճակի չէր քայլել, ու ինչպես է ճանապարհի փոշին նստում ճամփեզրին ծվարած ծեր կնոջ վրա… Եղեռնի հուշարձան այցելելիս  ես միշտ աղոթում էի պապիկիս հորաքրոջ համար: Ինձ համար նա ցեղասպանության զոհերի հավաքական կերպարն էր դարձել: Ու հաստա՛տ սուրբ էր, որովհետև նահատակ էր:

Իմ վերաբերմունքը նահատակության երևույթին միանշանակ չէ, ու դա գալիս է դեռ էն ժամանակներից, երբ  ուսումնասիրում էի միջնադարում լայն տարածում գտած տեսիլի ժանրը հայ մատենագրությունում ու համոզվում, որ քրիստոնեական վարդապետությունը մարդկանց մղում է համակերպության, չպայքարելու, զենքերը վայր դնելու, հանձնվելու… Մի խոսքով, ըստ իս` ինքնասպանվելու: Դրա լավագույն օրինակը Ատոմյանց վկայաբանությունն է: Պատմվում է, թե ինչպես պարսից Հազկերտ թագավորը նենգությամբ իր մոտ է կանչում Հայոց ազատագունդը` նպատակ ունենալով նրանց ստիպել դավանափոխ լինել: Սակայն, Ատոմ Գնունին և Մանաճիհր Ռշտունին գլխի են ընկնում, որ Պարսից արքան նենգ դիտավորություններ ունի, և կազմակերպում են հայոց ազատագնդի փախուստը դեպի Հայաստան: Հազկերտի կողմից հետապնդվող փախստականներն ապաստանում են Անձևացյաց աշխարհի լեռներից մեկում: Գիշերն Ատոմ Գնունուն հայտնված տեսիլը նախազգուշացնում է նրանց  նահատակությունը. «Այր մի լուսաւոր զգեստիւք և ահաւոր տեսլեամբ բաշխէր պսակս բոլորեալս ի կարմիր վարդէ»: Չնայած դրան` երբ հաջորդ օրը պարսիկներն անակնկալ հարձակում են գործում, Ատոմյանք իրենց «սովորական արիութեան» համաձայն՝ դիմագրավում են թշնամուն և քաջաբար մարտնչում: Սակայն, երբ գիշերը «նախախնամութիւնն Աստուծոյ յայտնեալ սիրելեաց իւրոց, տեսիլ յայտնապէս երևեալ ամենեցուն՝ անանց լոյս և անթառամ պսակք», հաջորդ օրը նրանք զենքերը վայր են դնում և ցնծությամբ ընդառաջ գնում իրենց մահվան, որպեսզի արժանանան անթառամ պսակների: Սեփական արյամբ մկրտվելով` նահատակվում է նաև պարսից զորքից «շնորհալի մեկը», ով նույնպես արժանացել էր նույն տեսիլին (Սոփերք, հ.19, էջ 78): Այսինքն` ի բնե քաջարի, անվախ, մարտնչող մարդիկ, տեսիլի ազդեցությամբ, հրաժարվում են պայքարից ու ընդունում մահը:

Ի դեպ, բանահյուսական հերոսները, ըստ իս, գրեթե միշտ կռվում և հաղթում են ակտիվ հատկանիշների օգնությամբ` հայրենասիրություն, համարձակություն, քաջություն, մեծահոգություն թույլերի հանդեպ, մինչդեռ միջնադարյան քրիստոնեական հուշարձաններում հերոսը կարող է հաղթել միայն պասիվ «բարոյախոսությամբ»` հնազանդություն, համբերություն, ներողամտություն, հրաժարումն աշխարհիկ հաճույքներից և անգամ կյանքից:

Գիտեմ, որ շատ նուրբ թեմա եմ շոշափում: Գուցեև գռեհկացնում եմ: Քրիստոնեական վարդապետության տեսանկյունից` Ատոմյանք սուրբ նահատակներ են: Իսկ իմ մեղսավոր տեսակետից` նրանք ինքնասպաններ են: Իսկ Եկեղեցին ինքնասպանությունն աններելի մեղք է համարում…  

Երևանում, ենթադրում եմ` նաև Հայաստանի ողջ տարածքում, այս օրերին բազմաթիվ եռագույններն էին ծածանվում՝ տոնական տեսք հաղորդելով քաղաքի փողոցներին:

Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տոնական համերգ էր: Ենթադրում եմ, որ` էր, որովհետև ինքս չեմ տեսել էդ համերգը ո՛չ «արթմնի», ո՛չ էլ հեռուստացույցի վահանակով ալիքները թերթելիս` լուրերի թողարկման որևէ սյուժեում: Ու քանի որ չեմ տեսել, հաստատ չեմ կարող ասել, բայց համարյա համոզված եմ, որ հրապարակը լեփ-լեցուն է եղել «հացի» պակասը «տեսարանի» առատությամբ լրացնելու ծարավի հանդիսականներով:

Տեսք, տեսարան: Այսինքն` ձև: Փիլիսոփայության դասընթացներից աղոտ հիշում եմ, որ ձևն առանց բովանդակության` դատարկություն է, մեջը բան չկա: Իսկ ի՞նչ բովանդակություն ունեն սրանք: Մի՞թե բերնեբերան լցված չեն Անկախության գաղափարով: Մի՞թե տարբեր միությունների անդամագրվելու մոլորված հայտարարությունները պետք է բովանդակազրկեին այդ «ձևը»` փոխանակ ավելի հուժկու իմաստ տալու դրան: Եւ մի՞թե անբովանդակ ձևը մեր կենսակերպն է դառնում այլևս անվերադարձ…

Սեպտեմբերի 24-ին, ելույթ ունենալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովում, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ 1915 թ. Օսմանյան կայսրությունում  ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի սրբադասումը չափազանց կարևոր նախաձեռնություն է: «Օսմանյան կայսրությունում 1915 թ. հայերի ցեղասպանության 100-ամյակի նախօրեին մեր ողջ ժողովուրդը բարձրաձայնում է իր «ոչ»-ը մարդկության դեմ հանցագործությանը: Դա մեր պարտքն է` մեր նախնիների, անմեղ զոհերի և ողջ մարդկության առջև, որպեսզի ապագայում հնարավոր լինի կանխել նոր ցեղասպանության կրկնությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

«Մեր նախնիների, անմեղ զոհերի և ողջ մարդկության առջև» «մեր պարտքի»` սերժսարգսյանական այս ձևակերպումը նույնպես բովանդակազուրկ է, որովհետև, ըստ իս, երկրի փաստացի ղեկավարը պետք է պարտքի զգացում ունենա, նախևառաջ, ներկայի առջև, նոր միայն` անցյալի: Այլ հարց է, որ ինձ համար, ինչպես և` շատ շատերի, Սերժ Սարգսյանը ներկայում է՛լ նախագահ չէ, բայց որպես «դե ֆակտո»` երկրի ղեկավար` նա պատասխանատու է Հայաստանում իրականացվող «սպիտակ ցեղասպանության» համար: Ուստի մի՞թե սխալ կլինի պահանջել, որ սրբադասվեն նաև վերջին տասնամյակի ընթացքում «սպիտակ ցեղասպանության» հետևանքով Հայաստանը լքած առնվազն կես միլիոն հայաստանցիները ևս: Նրանք է՛լ են, վերջին հաշվով, «մարդկության դեմ գործված հանցագործության» «զոհեր»: Նրանք է՛լ են տեղահանվել իրենց հայրենի բնօրրանից ու ամենևին էլ ո՛չ «կամովի» բռնել  արտագաղթի ճանապարհը…

Սխալ չհասկացվելու համար ուզում եմ շեշտել. ես գլուխ եմ խոնարհում Մեծ Եղեռնի նահատակների հիշատակի առաջ և նրանց բոլորին, ինչպես և իմ «մեծ հորաքրոջը», սրբացնում եմ: Բայց անընդունելի եմ համարում, երբ երկրի «դե ֆակտո» ղեկավարն անընդհատ թաքնվում է նրանց թիկունքում և ջանում նրանցով թաքցնել կամ շեղել ուշադրությունն այսօր իրականացվող «ցեղասպանությունից:

Հեղինակի մյուս նյութերը

«Բլոգ» բաժնի մյուս նյութերը և հեղինակները

Նախորդ հոդվածը‘Sunday Express. «Բարսելոնան» կփորձի ձեռք բերել «Չելսիի» իսպանացիներին’
Հաջորդ հոդվածը‘ԳԴՀ դեսպան. Ոչ ոք պատրաստ չէր Մաքսային միությանը միանալու որոշմանը’