‘Moody’s-ը վերանայել է Հայաստանի 2014 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումները, սահմանելով մինչև 2.1%’

944

Ամերիկյան Moody’s վարկանիշային գործակալությունը վերանայել է Հայաստանի 2014 և 2015 թվականների ՀՆԱ-ի աճի կանխատեսումները, նախկին` 3.2% և 3.6% աճի փոխարեն համապատասխանաբար սահմանելով` 2.1% և 2.3%: Այս մասին է նշվում գործակալության կողմից սեպտեմբերի 16-ին ուղարկված մամուլի հաղորդագրության մեջ:

Ըստ Moody’s-ի կանխատեսման, 2014 թվականին Ռուսաստանի տնտեսությունում սպասվում է 1% անկում, իսկ 2015-ին`լճացում: Հաղորդագրության մեջ նշված է, որ Հայաստանի տնտեսությունը սերտորեն կապված է Ռուսաստանի իրավիճակի հետ և կարող է ենթարկվել նրա բացասական ազդեցություններին: Այդ մասին է վկայում 2014 թվականի առաջին կիսամյակում հայկական արտահանման ծավալների և դրամական փոխանցումների կրճատումը, քանի որ Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է Հայաստանի արտահանման և ներմուծման ծավալների քառորդ մասը, 2008-2012 թվականների օտարերկրյա ուղղակի ներդրումների 45%-ը  և դրամական փոխանցումների մոտ 90%-ը: Կանխատեսումների նվազեցման ռիսկերը փորձագետները պայմանավորում են ԱՄՆ և ԵՄ կողմից կիրառված պատժամիջոցներով:

Նշվում է, որ Moody’s-ը կարող է Հայաստանի վարկանիշի բարձրացման հարցը վերանայել միայն այն դեպքում, եթե կառուցվածքային ռեֆորմները, որն իրականացնում է կառավարությունը, բերեն ավելի հավասարակշռված տնտեսական քաղաքականության և ընթացիկ հաշվի դեֆիցիտի զգալի կրճատման:

Նշենք, որ Հայաստանի 2014 թվականի բյուջեով ՀՆԱ աճը նախատեսված է 5.2%:

Նախորդ հոդվածը‘Նոյերը՝ FIFA 15 տեսախաղի լավագույն դարպասապահ’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» ավելի շատ աշխատավարձ է վճարում, քան «Ռեալը»’