‘The guardian-ի անդրադարձը՝ Եռյակի հանրահավաքին’

2473

Ստորեւ ներկայացնում ենք բրիտանական The guardian օրաթերթի անդրադարձը Եռյակի հանրահավաքին.

Ընդդիմության ավելի քան 10 հազար կողմնակիցներ հոկտեմբերի 10-ին մասնակցում էին Երեւանի կենտրոնում մեկնարկած հանրահավաքին՝ պահանջելով իշխանափոխություն: Նրանք գործող իշխանություններին մեղադրում են աղքատությանը չդիմակայելու եւ կոռուպցիայի մեջ: «Եկել է ժամանակը՝ ազատվելու ավազակապետական եւ կոռումպացված իշխանությունից»,- հանրահավաքի ժամանակ հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ եւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ են արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ:

Հայաստանի երեք հիմնական ընդդիմադիր ուժերի՝ Բարգավաճ Հայաստանի, Ժառանգության եւ Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքին ներկա խոշոր բազմությունը բողոքում էր երկրում առկա գների աճի  եւ համատարած կոռուպցիայի դեմ:

Պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ ցուցարարները վանկարկում էին «Սերժի՛կ, հեռացի՛ր»:

«Մեր իշխանությունները բավական ժամանակ են ունեցել Հայաստանում կենսամակարդակը բարելավելու համար, բայց նրանք դա ձախողել են եւ հիմա պետք է հեռանան»,- AFP-ի հետ զրույցում ասել է հանրահավաքի մասնակիցներից 34-ամյա Աննա Սարոյանը:

Ուրբաթ օրվա հանրահավաքը զուգադիպել է Եվրասիական տնտեսական միությանը անդամակացության փաստաթղթի ստորագրման հետ, որը Հայաստանի տնտեսությունը կապում է Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի տնտեսություններին եւ հեռացնում Եվրամիությունից: Սարգսյանը այդ համաձայնագիրը ստորագրել է Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ:

3.2 մլն բնակչություն ունեցող Հայաստանի վրա վատ է անդրադարձել համաշխարհային ճգնաժամը: Նախկին սովետական պետությունը տնտեսապես մեկուսացված է՝ առկա հակամարտություններով պայմանավորված՝  Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից սահմանները փակելու պատճառով:

 

Նախորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Միայն իշխանափոխությունը կարող է երկիրը դուրս բերել ներկա իրավիճակից’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան չի պատերազմի «Իսլամական պետության» դեմ’