Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում ռուսաստանցի Կարեն Խաչանովը երկրորդ շրջանում մրցեց բրազիլացի Տիագո Մոնտեյրոյի հետ եւ առավելության հասավ 6:3, 6:3, 5:7, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 59 րոպե։
Երրորդ շրջանում հայ թենիսիստի մրցակիցը կլինի բրիտանացի Ջեք Դրեյպերը, որը 6:4, 6:4, 6:4 հաշվով պարտության է մատնել կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին։
Պայքարը շարունակում է նաեւ աշխարհի առաջին ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը, որը երկրորդ շրջանում 6:2, 7:5, 6:3 հաշվով հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Արթուր Ռինդերկնեշին։ Մեդվեդեւի հաջորդ մրցակիցը կլինի չինացի Ու Իբինը։
Կանանց առաջնությունում երրորդ շրջան դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը։ Աշխարհի նախկին առաջին ռակետը մրցեց երկրորդ ռակետ, էստոնացի Անետ Կոնտավեյտի հետ եւ հաղթեց 7:6 (7:4), 2:6, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 29 րոպե։
Հաջորդ շրջանում Սերենա Ուիլյամսի մրցակիցը կլինի ավստրալացի Այլա Տոմլյանովիչը, որը 1:6, 6:2, 7:5 հաշվով հաղթել է ռուսաստանցի Եվգենյա Ռոդինային։
ԱՄՆ-ի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 60 միլիոն դոլար է։