‘Washington Post-ը և Guardian-ը հրապարակել են իրենց իրազեկիչի անունը’

950

The Washington Post ամերիկյան պարբերականն ու բրիտանական The Guardian-ը հրապարակել են այն մարդու անունը, որը հայտնել է իրենց այն տեղեկությունը, թե ամերիկյան հատուկ ծառայությունները քաղաքացիներին հետևում են ինտերնետի ու հեռախոսային կապի միջոցով: Դա 29-ամյա Էդուարդ Սնոուդենն է՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից:

Այս մարդը, որը նախկինում աշխատել է վարչության տեխնիկական ծառայություններում, ինքն է ցանկացել, որ իր անունը բացահայտվի:  

Ինչպես գրում է The Washington Post-ը, Սնոուդենը պատմել է նաև դրդապատճառները, որոնք իրեն ստիպել են լրտեսման գաղտնի ծրագրի մասին տեղեկությունը տարածել լրատվամիջոցներով: Նրա խոսքով՝ նա դատապարտում է անմեղ քաղաքացիների նկատմամբ տարվող լրտեսումը, ինչպես նաև կարևոր է համարում տեղեկացնել կառավարությանը, որ մարդկանց չվախեցնեն:

Սնոուդենը ենթադրում է, որ այն բանից հետո, երբ ինքը հայտնել է լրտեսման գաղտնի ծրագրերի մասին, դա կդառնա հանրային քննարկման առարկա: Բացի այդ, այժմ Սնոուդենը հույս ունի, որ մարդիկ կարող են պաշտպանել իրենց անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը դատարանի միջոցով:

Այժմ Սնոուդենը գտնվում է Հոնկոնգում: Նա տեղեկացրել է, որ մտադիր է ապաստան խնդրել ցանկացած երկրից, որտեղ «հավատում են խոսքի ազատությանը»:

Սնոուդենի անվան հրապարակումից մեկ օր առաջ NSA-ն պահանջել է հետաքննություն իրականացնել ու պարզել, թե ինչ հանգամանքներում է տեղեկության արտահոսք տեղի ունեցել: Համապատասխան հարցումն ուղարկվել էր ԱՄՆ-ի արդարադատության նախարարություն:

NSA-ի նախագահ Ջեյմս Կլեպերը խոստովանել է, որ լրտեսման PRISM ծրագիրը, որի մասին գրել էր The Washington Post-ը, իսկապես գոյություն ունի, միաժամանակ ընդգծել է, որ այն աշխատել է օրինական հիմքերով: Բացի այդ, Կլեպերը պնդել է, որ տվյալներ հավաքում են ոչ թե Ամերիկայի քաղաքացիների, այլ միայն օտարերկրացիների մասին, որոնք գտնվում են ԱՄՆ-ից դուրս:

Այն մասին, որ Ամերիկայի հատուկ ծառայությունների համար հասանելի են համաշխարհային առաջատար ինտերնետ կազմակերպությունների սերվերները, հունիսի 6-ին գրել է The Washington Post-ը: Թերթի հոդվածում հիշատակվում էին Microsoft, Yahoo, Google, Facebook, PalTalk, AOL, Skype, YouTube и Apple ընկերությունները: Պարբերականի տեղեկություններով՝ հատուկ ծառայությունները անարգել ներբեռնում են նրանց սերվերներից իրենց հետաքրքրող ցանկացած տեղեկություն՝ ներառյալ անձնական նամակագրությունը:

Վերը նշված ընկերություններից մի քանիսը հերքել են այդ տեղեկությունները՝ հայտարարելով, որ իրենք իշխանություններին օգտատերերի մասին տեղեկություններ տրամադրում են միայն դատարանի որոշման հիման վրա:

Ավելի վաղ The Guardian-ը գրել էր, որ ԱՄՆ-ի առաջատար օպերատորներից մեկը՝ Verizon ընկերությունը, NSA-ին է տրամադրում տվյալներ իրենց հաճախորդների հեռախոսային խոսակցությունների մասին՝ գործելով դատարանի ինչ-որ գաղտնի որոշման հիման վրա:  

Նախորդ հոդվածը‘Կորել էր քաղաքացի(լրացված)’
Հաջորդ հոդվածը‘Լիբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հրաժարական է տվել ‘