‘ԱԱԾ-ն հերքում է իր առնչությունը հայտնի ձայնագրության հետ’

1125

Պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի գաղտնալսման և դրա՝ համացանցում հայտնվելու հետ Ազգային անվտանգության ծառայությունը որևէ առնչություն ունենալ չէր կարող, բոլոր ուղղված մեղադրանքները մտացածին են և անհիմն: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը:

Ամիսներ առաջ՝ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո, Սերժ Սարգսյանը խորհրդակցության ժամանակ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին ասել էր, թե հատուկ հանձնարարություն ունի տալու: Բաղրամյանից փորձեցինք ճշտել՝ գուցե այդ հանձնարարությունը վերաբերում էր այս առանձնազրույցի գաղտնալսմա՞նը, սակայն ԱԱԾ մամուլի խոսնակն ասաց, թե ինքն ավելի ոչինչ չի կարող ասել:

Հիշեցնենք, որ «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «ԱԱԾ-ի կողմից պատրաստված եւ հրապարակված նյութի բովանդակության որեւէ քննարկում կամ մեկնաբանություն համարում եմ բարոյապես եւ քաղաքականապես անընդունելի: Ավելին, դա կլինի ուղիղ այն, ինչ որ պետք է հատուկ ծառայություններին՝ այս ճղճիմ սադրանքը հաջողելու համար: Ուստի ռեժիմի հատուկ ծառայությունների կողմից վատագույն գեբիստական ավանդույթներով պատրաստված եւ հրապարակված այս նյութի բովանդակության որեւէ քննարկում, մեկնաբանություն կամ հաստատում քաղաքական եւ հասարակական գործիչների կամ լրատվամիջոցների կողմից ուղղակի հավասարազոր է լինելու համագործակցության՝ հատուկ ծառայությունների հետ այս ապօրինի գործունեության մեջ»:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում դժվարանցանելի ճանապարհներ կան’
Հաջորդ հոդվածը‘Բեռլուսկոնին ներկայացրել է իրենից 48 տարով երիտասարդ հարսնացուին (լուսանկար)’