‘Ադրբեջանական ընդդիմադիր թերթը` փակման եզրին ‘

780

Ադրբեջանի ամենահայտնի ընդդիմադիր թերթը` «Ազադլիգ»-ը, կարող է փակվել, եթե տասն օրվա ընթացքում չկարողանա մարել շուրջ 31 հազար ԱՄՆ դոլարի հասնող պարտքը: Այս մասին հաղորդում է iLur.am-ը՝ հղում անելով IWPR-ին: Ազադլիգի գլխավոր խմբագիր Ռահիմ Հաջիևը նշում է, որ 25 հազար մանաթի հասնող պարտքից 11 հազարը կազմում են կոմունալ վճարումները, էլեկտրականության և ջեռուցման վարձերը, իսկ գումարի մյուս մասը պետական հրատարակչություններին եղած պարտքերն են: 

Հաջիևն այն կարծիքին է, որ պարտքերն անհապաղ մարելու վերաբերյալ նախազգուշացումները քաղաքական դրդապատճառներ ունեն: Նրա խոսքերով, իշխանությունների վերջին մի շարք որոշումներն արդեն իսկ իր թերթը փակման եզրին են կանգնեցրել:

«2011-ին Բաքվում արգելվեց փողոցային առևտուրը, այդ թվում` թերթերի վաճառքը: Նախագահի աշխատակազմի քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովն այս որոշումն արդարացրեց այն փաստարկով, որ կրպակները խանգարում էին հետիոտներին ու երթևեկությանը», — ասաց Հաջիևը:

Խմբագիրը նաև հավելեց, որ «Գասիդ» պետական կրպակների ցանցի փակումը նույնպես նպաստեց «Ազադլիգ»-ի եկամուտների կրճատմանը: Հաջիևի խոսքերով, կրպակների ցանցը 28 հազար մանաթի հասնող գումար պետք է վճարի թերթին, և սա կբավականացներ ունեցած ողջ պարտքը մարելու համար: Ընդդիմադիր թերթն արդեն իսկ 30 հազար մանաթ է վճարել Բաքվի մետրոպոլիտենի տնօրեն Թագի Ահմեդովին և 4 000 մանաթ`Ադրբեջանի տրանսպորտի նախարարի որդի Անար Մամեդովին:

«Գասիդ» կրպակների ցանցը ղեկավարում է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության անդամ Միրքազիմ Քազիմովը: Վերջինս հաստատում է, որ իր ընկերությունը պարտք է թերթերին, սակայն սովորական երևույթ է սա համարում: Քազիմովը հերքում է այն ենթադրությունները, որ կրպակների ցանցը փակվել է նախագահի հրահանգով`պնդելով, որ այդ քայլն իրականացվել է տեղական իշխանությունների կողմից այն հիմնավորմամբ, որ կրպակների օգտագործումն այլևս աննպատակահարմար էր:

Ադրբեջանում մամուլի ազատության համար պայքարող Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի (IRFS) տվյալներով, ընդդիմադիր թերթերն իրականում գովազդային բոյկոտի են ենթարկվում, ինչի հաշվին նրանց եկամուտները կրճատվում են: «IRFS-ը հորդորում է Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել ճնշումն ընդդիմության և անկախ լրատվամիջոցների նկատմամբ և կոչ է անում պետական պաշտոնյաներին հանդուրժողական լինել այլընտրանքային կարծիքների և քննադատության հանդեպ», — նշվում է Ինստիտուտի տարածած հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. Ռուբեն Հայրապետյանի խոսքերը սուր և տգեղ ձևով են մեկնաբանվել ‘
Հաջորդ հոդվածը‘Երևանում կկայանա Վեստերմանի «Արարատ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը ‘