‘
Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին երկամսյա կալանքի սանկցիա են տվել: Այդ մասին դատարանից ԳԱԼԱ-ին տեղեկացրել է ազատամարտիկ Արտյոմ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ մինչ այդ դատավոր Ռ. Բունիաթյանը գնացել էր խորհրդակցական սենյակ, քննարկելու Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը, որը դատավորը մերժել էր: Այնուհետև պաշտպանը առաջարկել էր գրավի դիմաց Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակել, սակայն այս միջնորդությունը ևս մերժվել էր:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /խարդախություն՝ խոշոր չափերով/ 20.09.2013թ. ձերբակալվել է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը: Այդ մասին տեղեկացնում են ՊՆ քննչական ծառայությունից:
Ըստ աղբյուրի՝ Վ. Ավետիսյանը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, քաղաքացի Հ.Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Հ.Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
‘