‘Առողջապահության նախարարությունն ահազանգում է դեղերի գների էական տատանումների մասին ‘

557

Առողջապահության նախարարության դիտարկումների համաձայն՝ 2012թ. հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին դեղագործական շուկայում արձանագրվել են դեղերի գների էական տատանումներ, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2012թ. հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին հանրապետություն է ներկրվել 2189 անուն դեղ (հոկտեմբերին` 1009, դեկտեմբերին` 1180): Երկու ամիսներին ներկրված 581 նույն դեղից 40-ի մոտ նկատվել է 10%-ից ավելի թանկացում և գրեթե նույնքան դեղի մոտ նույնչափ էժանացում։ Այդ ամիսներին ներկրված դեղերի կեսից ավելիի մոտ գները մնացել են անփոփոխ: 

Հետագա դիտարկումների արդյունքներով 2013թ. տարեսկզբից դեղերի գների տատանումների աստիճանի համեմատական նվազում է նկատվում: Դեղերի գների տատանումների հիմնական պատճառ կարող են հանդիսանալ արտադրողի կողմից գների և արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները

Միաժամանակ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հանրապետությունում դեղերի գները ազատականացված են և ՀՀ առողջապահության նախարարությունը դեղերի գների աճի զսպան իրական լծակներ չունի:  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ համատեղ ՀՀ ԱՆ ստեղծել է դեղերի շուկայում հակամենաշնորհային երևույթների զսպման մեխանիզմներ։ Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարությունը դեղերի շուկայում իրականացնում է մշտադիտարկում և արդյունքները մեկամսյա հաճախականությամբ ներկայացնում ՏՄՊՊՀ:

 

Նախորդ հոդվածը‘Սուպերմարկետներում թանկացումներն ավելի զգալի են, քան փոքր խանութներում ‘
Հաջորդ հոդվածը‘Բեռլինի կինոփառատոնի բացումն առանց սկանդալի չի անցել’