‘Արծրուն Հովհաննիսյան. ՄԻՊ-ի ահազանգի վերաբերյալ համապատասխան որոշում կլինի’

714

Եթե մարդու իրավունքների պաշտպանը գտել է այդ օրինախախտումը, իրավաբանորեն հիմնավորել է և այդ իրավաբանորեն հիմնավորումը համապատասխան կարգով փոխանցել է պաշտպանության նախարարություն, ապա համապատասխան որոշում կլինի դրա վերաբերյալ: Այս մասին iLur.am-ին հայտնեց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այսօր հաղորդագրություն է տարածել՝ ահազանգելով, որ տասը տարի ծառայելով ՀՀ զինված ուժերում՝ սպայի կոչում ստացած զինծառայողը ցանկություն էր հայտնել վաղաժամկետ լուծել պայմանագիրը և պահեստազոր արձակվելու մասին երեք զեկուցագիր էր ներկայացրել հրամանատարությանը` միաժամանակ հայտնելով, որ պատրաստ է փոխհատուցել ուսման ծախսերը, սակայն արդեն յոթ ամիս է, ինչ պաշտպանության նախարարությունից ոչ մի կերպ չեն արձագանքում սպայի պահանջին: ՄԻՊ-ն առաջարկել էր կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում թույլ տված  պաշտոնատար անձանց։

Մեր այն հարցին, թե ինչ-որ քայլեր արվել են խնդրին լուծում տալու համար, Հովհաննիսյանը պատասխանեց.

«Եթե նոր է տեղի ունեցել, ի՞նչ քայլ կարող է կատարվի: Հնարավոր չէ՝ այդքան արագ լուծվեր, եթե ինքը փոխանցել է այսօր, երեկ կամ մի երկու օր առաջ, խնդիրը նախ պիտի ուսումնասիրվի, պիտի հասկանանք՝ իրականում օրինախախտումը պիտի հիմնավորվի, իրավաբանական որակում պետք է տալ»:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ՝ նախարարությունն առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը սիրիացի ապստամբներին ապահովել է անվտանգ կապի միջոցներով’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը պետք է պաշտոնանկ արվի ‘