‘Արոնյանը շնորհիվ ինտրիգը պահպանվեց’

695

Վեյկ Ան Զեեի շախմատային գերմրցաշարի 11-րդ տուրը հաճելի պահեր պարգեւեց հայ շախմատասերներին եւ որոշակի ինտրիգ մտցրեց մրցաշարի չեմպիոնի հարցում: Պատճառը Լեւոն Արոնյանի հաղթանակն էր Հիկարու Նակամուրայի նկատմամբ:

Այս հաղթանակը կրկնակի, նույնիսկ եռակի կարեւորություն ստացավ, քանի որ մյուս առաջատարները՝ Մագնուս Կառլսենը եւ Վիշի Անանդը իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին: Ընդ որում, Անանդը շահած դիրք ուներ Հոու Յիֆանի հետ խաղում, սակայն կոպիտ սխալ թույլ տվեց եւ բաց թողեց հաղթանակը: Իսկ Կառլսենը չնայած վատ դիրք ուներ Վան Հաոյի հետ պարտիայում, սակայն երեւի այնպես է իր տպավորիչ հաղթանակներով վախեցրել բոլորին, որ չինացին ոչ-ոքիի համաձայնվեց մի դիրքում, որտեղ ինքը՝ Կառլսենը, ոչ մի դեպքում չէր համաձայնվի, մինչեւ խաղատախտակի վրա չմնային երկու արքաները:

Այժմ Արոնյանն արդեն մաքուր երկրորդ տեղում է, եւ ընդամենը մեկ միավոր է զիջում Կառլսենին: Այնպես որ, դեռ ամեն ինչ ավարտված չէ, եւ թեկուզ տեսականորեն, սակայն հայ գրոսմայստերը դեռ կարող է հասնել նորվեգացուն, մանավանդ, որ վերջինս այսօր 12-րդ տուրում ընդունում է Նակամուրային, որը, որպես կանոն, սեւերով հաջող է հանդես գալիս: Արոնյանի մրցակիցը կլինի Անիշ Գիրին:

Վեյկ Ան Զեե, 11-րդ տուր

Հիկարու Նակամուրա — Լեւոն Արոնյան՝ 0:1,  Պետեր Լեկո — Լյուկ վան Վելի՝ 1:0,  Սերգեյ Կարյակին — Իվան Սոկոլով՝ 1:0,  Անիշ Գիրի — Ֆաբիանո Կարուանա՝ 1:0, Վան Հաո — Մագնուս Կարլսեն, Էրվին Լ՛Ամի -Պենտալա Հարիկրիշնա , Հոու Յիֆան -Վիշվանաթան Անանդ ՝ ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակը 11-րդ տուրից  հետո

1. Մագնուս Կարլսեն՝ 8,5; 2. Լեւոն Արոնյան՝ 7,5; 3. Վիշվանաթան Անանդ՝ 7; 4-6. Հիկարու Նակամուրա, Պետեր Լեկո, Սերգեյ Կարյակին՝ 6,5; 7. Պենտալա Հարիկրիշնա՝ 5,5; 8-9. Լյուկ վան Վելի, Անիշ Գիրի՝ 5; 10-11. Ֆաբիանո Կարուանա, Վան Հաո՝ 4,5; 12. Հոու Յիֆան՝ 4; 13. Էրվին Լ՝Ամի՝ 3,5; 14. Իվան Սոկոլով՝ 2,5:

Նախորդ հոդվածը‘Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագրը»՝ «Ոսկե արծիվ»-ի մրցանակակիր’
Հաջորդ հոդվածը‘Չիբուռաշկան, Շապոկլյակը և Սերժ Սարգսյանը. Մամուլ’