‘
Անկախ Հայաստանի 21-ամյա պատմության ընթացքում Երևանում առաջին անգամ անցկացվում է բասկետբոլի համապետական պատանեկան փառատոն:
Մրցելու համար միավորվել են Հայաստանի և Արցախի ինը քաղաքների 12–14 տարեկան տղաների և աղջիկների 33 թիմեր (Երևան, Գյումրի, Վանաձոր, Արթիկ, Սևան, Աբովյան, Արարատ, Մասիս և Ստեփանակերտ):
Մեկ շաբաթ տևող այս ստուգատեսը անցկացվում է «Գրանդ սպորտ» և Շենգավիթի թաղապետարանի մարզադպրոցի դահլիճներում:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի կազմակերպած այս միջոցառումը բազմաթիվ նպատակներ է հետապնդում: Առաջնային է մարզաձևը երկրում տարածելու խնդիրը:
Մարզական երկրների օրինակով, մեզանում նույնպես բասկետբոլը կարող է հիմնական գրանցում ստանալ հանրակրթական դպրոցներում, քոլեջներում, բուհերում և ընդհանրապես ուսումնական բոլոր հաստատություններում:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ–ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը փառատոնի բացման արարողության ժամանակ ընդգծեց, որ մարզաձևը նաև բնակչության շրջանում արմատավորելու նպատակ ունի և այդ ուղղությամբ արդեն համապատասխան ծրագրեր են մշակվել, հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը:
‘