‘Բիզնես և իշխանություն’

3669

Այսօրվա դրությամբ՝ Հայաստանում ամենաարդիական խնդիրներից մեկը բիզնեսի և իշխանավորների սերտաճումն է: Վերջերս հրապարակվեցին բազմաթիվ փաստեր տրանսպորտային գծեր շահագործող ընկերությունների սեփականատերերի վերաբերյալ: Պատկերը դաժան է. Երևանի գրեթե ողջ տրանսպորտային ցանցը պատկանում է քաղաքի ներկա և նախկին իշխանավորներին: Սրա ֆոնին հասարակության մեջ ձևավորվում է նաև կարծիք, որ պետական պաշտոնյան չպետք է զրկված լինի բիզնեսով զբաղվելու հնարավորությունից, այլ պարզապես պետք է չգռփի և չթալանի: Նման կարծիք հնչեցվեց նաև Տիգրան Սարգսյանի հետ Ազատություն ռադիոկայանի հարցազրույցի ընթացքում:

Ստեղծված իրավիճակից դժգոհում են բոլորը, սակայն մասնագիտական կարծիքներ գրեթե չեն հնչեցվում: Ինձ թվում է՝ շատերին կհետաքրքրի, թե ինչպես է ներկայիս օրենսդրությունը կարգավորում բիզնեսի և իշխանության սերտաճման հարցը: Այդ նպատակով ստորև նարկայացվում է այդ խնդիրը կարգավորող օրենսդրությունը՝ մեկնաբանություններով:

Ինչո՞ւ պետական պաշտոնյան չպետք Է զբաղվի բիզնեսով 

Յուրաքանչյուր մարդ որևէ գործունեություն ծավալելիս կարող է հայտնվել մի իրավիճակում, երբ ստիպված կլինի գործել ի շահ երկու իրարամերժ նպատակի: Կարճ ասած՝ անձի մոտ տեղի է ունենում շահերի բախում: Պարզ է, որ երկու հակադիր շահերի օգտին գործելը բացառում է շահերի բախման մեջ գտնվող անձի անաչառությունը: Անձանց այսպիսի իրավիճակներից զերծ պահելու նպատակով իրավական համակարգը նախատեսում է շահերի բախումը շրջանցելու մեխանիզմներ: Նման օրինակ է դատավորի ինքնաբացարկի ինստիտուտը. ինքնաբացարկ հայտնելու հիմքերից մեկը դատավորի ազգականի մասնակցությունն է գործին:

Միաժամանակ՝ հօգուտ հանրային և մասնավոր շահերի գործելու բացառման տրամաբանությունն է դրված Սահմանադրության 65, 88 և 98 հոդվածների հիմքում, որոնք արգելում են պատգամավորներին, կառավարության անդամներին (վարչապետին և նախարարներին), դատավորներին և սահմանադրական դատարանի անդամներին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Հետաքրքիր է, որ նման արգելք նախագահի պարագայում Սահմանադրությունը չի պարունակում, սակայն, ինչպես կտեսնենք հետագայում, այդ արգելքն առկա է օրենքի մակարդակով: 

Ասվածից երևում է, որ խնդիրը թալանչի կամ բարի բիզնեսմենների հակադրության մեջ չէ, այլ` պետական պաշտոնյաների կողմից ձեռնարկատիրությամբ զբաղվելու սկզբունքային արգելքի:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը

Ձեռնարկատեր պետական գործիչների կարգավիճակին անդրադառնում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որն այս ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտերից է: Նշված օրենքի 23 հոդվածի 2-րդ մասում տեղ է գտել հետևյալը.

«Առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն … ունենալու դեպքում հանրային ծառայողները և բարձրաստիճան պաշտոնատար անձինք պարտավոր են պաշտոնում նշանակվելուց (ընտրվելուց) հետո՝ մեկ ամսվա ընթացքում, այն … հանձնել հավատարմագրային կառավարման:

Հանրային ծառայողները և բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրավունք ունեն հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալու եկամուտ»:

Օրենքի համաձայն՝ «հանրային ծառայողներ և բարձրաստիճան պաշտոնատար անձինք» բառերի տակ ներառվում են Հայաստանի գրեթե բոլոր շատ թե քիչ կարևոր պաշտոններ զբաղեցնող անձինք, նախագահից սկսած՝ մազպետներով վերջացրած: Ստացվում է, որ եթե դու բիզնես ունես, այն պարզապես պետք է հանձնել հավատարմագրային կառավարման. իսկ ի՞նչ է հավատարմագրային կառավարումը: Մեջբերենք մեկ այլ հոդված, այս անգամ արդեն քաղաքացիական օրենսգրքից.

«Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրով [գույքի սեփականատերը] … ժամկետով գույք է հանձնում [հավատարմագրային կառավարչին], իսկ [վերջինս] պարտավորվում է այդ գույքի կառավարումն իրականացնել ի շահ [գույքի սեփականատիրոջ] կամ նրա նշած անձի (շահառուի):

Գույքը հավատարմագրային կառավարման հանձնելը չի հանգեցնում հավատարմագրային կառավարչին [գույքի] նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման» (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 954, 1-ին մաս): 

Այսինքն՝ ձեռնարկատեր պետական գործիչը չի հրաժարվում իր բիզնեսից, չի փոխանցում այն այլ անձի: Հավատարմագրային կառավարիչը գույքի կառավարման դիմաց ստանում է վճար, իսկ մնացած շահույթը ստանում է բիզնեսի իրական սեփականատերը:

Պարզ երևում է, որ շահերի բախումն այսպիսի կարգավորման պարագայում չի վերանում, և պաշտոնյան շահագրգիռ է գործել հօգուտ հավատարմագրային կառավարման հանձնված ձեռնարկության, քանի որ պաշտոնավարման ընթացքում նա ստանում է այդ բիզնեսի շահույթը, իսկ պաշտոնավարությունից հետո հնարավորություն կունենա ինքնուրույն ստանձնել դրա կառավարումը:

Այս ամենի համատեքստում միայն քմծիծաղով կարելի է հիշել Տիգրան Սարգսյանի «խելացի» բացատրությունները Ազատություն ռադիոկայանի եթերում այն մասին, որ նա իր՝ «Արցախ» ՀԷԿ-ի բաժնետոմսերը հանձնել է հավատարմագրային կառավարման:

Բայց սա դեռ ամենը չէ…

Հորս արև՝ անձամբ չեմ անում  

Շատ թե քիչ տրամաբանությամբ օժտված իրավաբանի մոտ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածը գլխացավից բացի ոչ մի այլ բան չի կարող առաջացնել՝

«Հանրային ծառայողը և բարձրաստիճան պաշտոնատար անձը չեն կարող անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ…» :

Հետաքրքիր զուգադիպությամբ՝ այստեղ «կարող» և «զբաղվել» բառերի միջև դավադրաբար սողոսկել է «անձամբ» բառը: Եթե հետևենք այս հոդվածին, ստացվում է, որ պարտադիր չէ նույնիսկ բիզնեսը հանձնել հավատարմագրային կառավարման. ի վերջո, կարելի է այլ մարդու նշանակել տնօրեն, ով քո փոխարեն կվարի բիզնեսդ: Այս հոդվածի հակասահմանադրականությունը պարզապես աչք է ծակում. Սահմանադրության արգելքը տարածվում է ձեռնարկատիրական գործունեության բոլոր ձևերի և եղանակների վրա՝ առանց բացառության:

Երևի թե այս օրենքն ընդունող հանրապետական մեծամասնությունը «ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել» բառակապակցությունն արտասանելիս մեխանիկական շարժումների շղթա է պատկերացնում, որն անձամբ չկատարելու դեպքում չի կարող համարվել ձեռնարկատիրություն: 

Հատուկ իմաստով ձեռնարկատիրություն՝ պաշտոնյաների համար

Օրենսդրության մեջ կան բազմաթիվ տերմիններ, որոնք օգտագործվում են շատ տարբեր ոլորտներ կարգավորող իրավական ակտերում: Օրինակ՝ «բանկային գաղտնիք» կամ «պետական գաղտնիք»: Նման գաղտնիքներ հրապարակելը քրեորեն պատժելի արարք է, սակայն քրեական օրենսգիրքը չի բացահայտում այդ տերմինների իմաստն այն պարզ պատճառով, որ դա արդեն իսկ կատարվել է «մասնագիտացված» իրավական ակտերում՝ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենք, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենք:

Նույն տերմինների շարքին կարելի է դասել «ձեռնարկատիրական գործունեությունը», որի բնորոշումը տրված է քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածում.

«Ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է»:

Եթե մեկ այլ իրավական ակտում օգտագործվում է «ձեռնարկատիրական գործունեություն» արտահայտությունը, ապա այն պետք է հասկանալ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի իմաստով: Բայց տեսեք, թե ինչ բովանդակություն ունի «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը՝

«Սույն օրենքի իմաստով ձեռնարկատիրական գործունեություն է համարվում առևտրային կազմակերպության մասնակից լինելը, բացառությամբ այն դեպքի, երբ առևտրային կազմակերպության մասնակցի բաժնեմասն ամբողջությամբ հանձնվել է հավատարմագրային կառավարման»:

Միանգամից հարց է առաջանում՝ ինչպես է հնարավոր կառավարման հանձնված բիզնեսից ստանալ շահույթ, բայց միևնույն ժամանակ չզբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Փաստորեն՝ Հայաստանում կա «ձեռնարկատիրական գործունեություն» արտահայտության երկու իմաստ, մեկը (քաղաքացիական օրենսգիրք, հոդված 2)՝ ժողովրդի համար, իսկ մյուսը («Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք, 24 հոդվածի 2-րդ մաս)՝ պետական պաշտոնյաների համար: Սա, փաստորեն, ոչ այլ ինչ է, քան օրենքով ամրագրված խտրականություն:

Հայկ Ճշմարիտյան

Իրավագիտության մագիստրոս

Նախորդ հոդվածը‘Ա. Բուդաղյանի պաշտպանը վերադաս դատախազին բողոքարկել է քննիչի որոշումը’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Աշխարհը սպասում է քաղցկեղի դեմ նոր դեղամիջոցի փորձարկումներին’