‘Գալշոյանական ոգին, նրա թողած ժառանգությունը ապրում են սերունդների մեջ’

1161

Դեկտեմբերի 13-ը Մուշեղ Գալշոյանի ծննդյան օրն էր: Վաղամեռիկ արձակագրի շիրիմը գտնվում է նրա ծննդավայրում՝  Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում, որտեղ ամեն տարի այդ օրը այցելում են հարազատները, մտերիմները ու նրա ստեղծագործության երկրպագուները: Այս տարի օրը հոբելյանական էր: Լրացավ տաղանդավոր գրողի ծննդյան 80-ամյակը: Այն հանդիսավոր կերպով նշվեց Կաթնաղբյուրում, որին մասնակցում էին ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրողի ընտանիքի անդամները, գրողներ, բազմաթիվ մտավորականներ, հյուրեր: Այցելություն կատարվեց դեպի գերեզմանատուն, որտեղ նրանք իրենց երախտիքի ու հարգանքի տուրքը մատուցեցին գրողի հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիսությունն այնուհետև տեղափոխվեց մշակույթի տուն: Ողջունելով ներկաներին, Կաթնաղբյուր համայնքի ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը նշեց, որ իրենց կազմակերպած միջոցառումը հավաստումն է այն գաղափարի, որ գալշոյանական ոգին, նրա թողած ժառանգությունը ապրում են սերունդների մեջ, որոնք հարատևելու են մշտապես:

Հայ գրականության մեջ Գալշոյանի ստեղծագործության անփոխարինելի  դերի ու նշանակության մասին խոսեց Էդվարդ Միլիտոնյանը: «Մուշեղ Գալշոյանի հնչեցրած զանգերը զնգում են բոլոր ժամանակներում և բոլոր սերունդների մեջ: Նրա գրականությունը առաջին գրքից՝ «Կռունկից» մինչև վերջինը՝ «Մարութա սարի ամպերը», հաստատումն է այն բանի, որ գրողը հավատարիմ է իր սկզբունքներին: Գալշոյանի գրականությունը նույն շունչն ու ոգին է կրում, ինչը որ՝ Խաչիկ Դաշտենցի հերոսներն ու Էրգրից եկած մեր հայրերի ու պապերի կերպարներն ունեին»,-ասաց նա:

Հուզիչ, սրտառուչ էր գրողի դստեր՝ Սիրանույշ Գալշոյանի խոսքը: Նա շնորհակալ եղավ կաթնաղբյուրցիներին՝ հայրիկին ամբողջովին ընդունելու և սիրելու համար և ասաց, որ նրա ոգին միշտ իրենց հետ է՝ իր սիրելի ծննդավայրում:

Գալշոյանի կերպարի և ստեղծագործական գործունևության ներկայացումն ավելի ամբողջական դարձավ տեղի դպրոցի աշակերտների ուժերով կազմակերպած գրական-գեղարվեստական մասի ցուցադրությամբ:

Նախորդ հոդվածը‘Ազնավուրի հրաժեշտի համերգը՝ 2014-ի հունիսի 1-ին, Լոնդոնում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի գրողների միության նախագահությունը սգում է Հրաչյա Բեյլերյանի կորուստը’