‘
Արտահերթ նիստը կհրավիրվի, թե չի հրավիրվի, համենայն դեպս՝ Հանրապետական կուսակցությունը եթե ինքը խնդիր ունենար այդ իմիտացիոն երևույթներին մասնակցելու, ինքը հանգիստ կնախաձեռներ: ILur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ կարծիք հայտնելով «Հայ ազգային կոնգրեսի» նախաձեռնած արտահերթ նիստի մասին:
«Առջևում նախագահական ընտրություններ են, և ընդդիմադիր կողմը ակտիվանալու դաշտ է ստեղծում: Մենք էդ խնդիրը չունենք: Մեր խնդիրը տարբերվում է էդ ամեն ինչից: Նրանց համար կարևոր չի Ընտրական օրենսգիրքը, մանավանդ, որ դա պետք է ծառայի 2017 թվականին»,- ասաց Սահակյանը:
Ըստ նրա՝ ընդդիմության համար կարևորն այն է, որ հասարակությանը ցուցադրեն, որ կարողացան ստորագրություններ հավաքել ու դրանով ապացուցել, որ իրենք նույնպես կարող ուժ են: ՀՀԿ պատգամավորն այդպես էլ չպատասխանեց այն հարցին, թե հանրապետական պատգամավորները ներկայանալո՞ւ են նիստին, թե՞ ոչ: Միայն ասաց՝ անիմաստության դաշտ չենք մտնելու:
‘