‘Գաղտնալսման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 144 հոդվածի համաձայն’

801

ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի զրույցը գաղտնալսելու փաստի առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունն իրականացրել է հարցաքննություն: Հարցաքննել է գաղտնալսված պատգամավորներին եւ հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի հատկանիշներով: Այս մասին galatv.am-ին փոխանցեց ԲՀԿ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ իր պաշտպանյալի` ՀՔԾ-ում հարցաքննության ավարտից հետո: «Այո, քրեական գործ հարուցվել է Քր.օր. 144 հոդվածով, եւ պարոն Օսկանյանը հարցաքննվել է՝ որպես վկա: Որեւէ կոնկրետ անձի պարոն Օսկանյանը չի կասկածում, ուղղակի համարում է անընդունելի այդպիսի ձայնագրումները, այդ իսկ պատճառով խնդրում է, որ իրավապահ մարմիններն իրականացնեն իր իրավունքների պաշտպանությունը».-ասաց Տիգրան Աթանեսյանը:

ՀՔԾ-ում սկզբում հարցաքննվել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, այնուհետ՝ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը:

«Պարոն Զուրաբյանին հանդիպեցինք քննչականում, սկզբում նրան էին հարցաքննել, ապա պարոն Օսկանյանին»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորներ Լ. Զուրաբյանն ու Վ. Օսկանյանը ՀՔԾ էին հրավիրվել իրենց գրության արդյունքում։

Դեկտեմբերի 19-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել էր նրանց ստորագրությամբ գրությունը, որով պատգամավորները հանդես էին եկել հստակ առաջարկությամբ՝ նրանց զրույցի ապօրինի գաղտնալսման եւ սոցցանցերում տեղադրման կապակցությամբ հարուցել քրեական գործ, հայտնաբերել եւ պատժել հանցագործության պատասխանատուներին: Իսկ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ պատգամավորների գրությունն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ քրեադատավարական կարգով ընթացք տալու եւ որոշում կայացնելու համար։

Նախորդ հոդվածը‘Ակտիվիստները պահանջում են Թեղուտի հարցով քրեական գործ հարուցել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սիրիահայերի 10 ընտանիք դեռ սպասում է, որ «Արմավիան» վերադարձնի գումարները ‘