‘
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ «Աղբ եթերից» երկրորդ մրցանակաբաշխության առաջին հաղթող է ճանաչվել Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալը՝ հայ ժողովրդի դեգրադացմանը նպաստելու և սեփական անմակարդակությունը Հայոց բանակին նվիրելու համար:
Ինչպես ilur.am-ին հայտնեցին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության մամուլի ծառայությունից՝ նախաձեռնության որոշման մեջ քննադատության է ենթարկվում հատկապես այն հանգամանքը, որ սերիաների սկզբում նշվում է, թե սերիալը նվիրված է Հայոց բանակին: Նշելով, որ միայն օճառային օպերան էր պակաս մեր բանակի գլխին, նախաձեռնությունը կոչ է անում սեփական անմակարդակությունը նվիրել բանակի խայտառակությունը հանդիսացող մի քանի անմակարդակ բարձրաստիճան սպաներին, այլ ոչ թե տասնյակ հազարավոր ազնիվ զինվորականներին:
«Ի տարբերություն Հանրային հեռուստաընկերության ղեկավարության, Հայոց բանակը կազմողների մեծամասնութունը Հայրենիքի զգացողություն ունի և չի զբաղվում մեր ժողովրդի հիմարացմամբ»,- նշված է որոշման մեջ:
«Աղբ եթերից» մրցույթի կանոնների համաձայն, փոստի միջոցով Հանրային հեռուստաընկերությանն է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր և 100 դրամ` աղբահանության գումար:
‘